Բաքուն դեռ չի ապահովել միջազգային դիտորդների մուտքն Արցախ․ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը դեռևս չի ապահովել անկախ միջազգային դիտորդների մուտքն Արցախ՝  իրավիճակը վերահսկելու համար: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անկախ մոնիտորինգ, թե ինչ է կատարվում, և, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը։ Մինչ այժմ այդպիսի մուտք չի ապահովվել»,- ասել է Փիթեր Ստանոն՝ տեղի ունեցած ճեպազրույցում։

Նրա խոսքով, ԵՄ-ի համար կարևոր է ապահովել հումանիտար հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղում։ Եվրահանձնաժողովն արդեն օգնություն է ցուցաբերել, և ԵՄ երկրները պատրաստ են դա անել անհատական ​​հիմունքներով, պարզաբանել է Ստանոն։

Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի բնակչությունը ստիպված է լքել իրենց տները։ Ներքին տեղահանվածներին նախ գրանցում են Կոռնիձորում, այնուհետև ուղարկում Գորիսի կամ Վայքի ընդունման կենտրոններ: Այնտեղ գրանցվում են նրանց կարիքները և առաջարկվում է ժամանակավոր կացարան։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս