Հռոմի ստատուտի վերաբերյալ միանձնյա որոշում կա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկար չարչրկված Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը, այսօր վերջապես կքննարկվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանականները, չնայած բազմաթիվ քննադատություններին, մտադիր են գալ ու միաձայն կողմ քվեարկել նախագծին: Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռեւս 1999թ.-ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել այն։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ.-ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով կրկին դիմեց ՍԴ։ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Փաստաթղթին միանալու դեպքում, ենթադրվում է, որ Հայաստան այցի դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի: Հաագայի միջազգային քրեական դատարանը այս տարի՝ մարտ ամսին, Ռուսաստանի նախագահ Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել, ուստի ենթադրվում է, որ Հռոմի կանոնադրությունը վավերացրած եւ դատարանի իրավազորությունը ճանաչած պետությունները Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պարտավորություն ունեն: Ստացվում է՝ Հայաստանն էլ, միանալով այս փաստաթղթին, պարտավորվում է կատարել միջազգային դատարանի այս որոշումը. հենց Պուտինը մեր երկիր մտնի, կձերբակալեն:

Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Չնայած դժգոհություններին՝ իշխանականներն էլ պնդում են, թե Հռոմի ստատուտը վավերացնում են, որպեսզի կարողանան միջազգային բարձր ատյաններում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հասնել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս