ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն բանին, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀՀ ԳԱԱ թղթակից-անդամը մի քանի ամիս է, ինչ հեռացել է կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնից եւ «ընտրվել» Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, այնուհանդերձ, նա դեռ շատերի գիտակցության մեջ ընկալվում է որպես փոխնախարար, մի պաշտոնյա, որը տեւական ժամանակ իր ձեռքերում պահեց նախարարության բոլոր լծակները, բուհական կրթության համակարգ բերեց սեփական օրենքներն ու «փիլիսոփայությունը»` շատ հաճախ լինելով առավել հզոր, քան ձեռնոցների նման փոփոխվող նախարարները, որոնք ենթարկվում էին Արա Ավետիսյանին: Նախարարներից միայն Արմեն Աշոտյանի բախտը բերեց, որ ազատվեց «գորշ կարդինալի» ներկայությունից: Արա Ավետիսյանը թալինցի է, ծնվել է Վերին Թալին գյուղում, իսկ սա կարեւոր փաստ է, որովհետեւ նրա` վերջին տարիների պաշտոնական առաջխաղացումների, նախարարությունում «հանգստավետ» գործունեություն ծավալելու մեջ առկա է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գործոնը: Լինելով համերկրացի ու կուսակից` վարչապետը, բնականաբար, այն հզոր պատվարն էր, որին հենվում էր Արա Ավետիսյանը: Ավարտելով Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, ստանալով մեխանիկի մասնագիտացում` Արա Ավետիսյանն աշխատանքի է անցել է ՀՍՍՀ արդյունաբերական շինարարության նախարարության նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտում որպես ճարտարագետ-նախագծող: Ասպիրանտուրա է ընդունվել 1983թ-ին, իսկ 1986թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1986-1996թթ. Ա.Ավետիսյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում, սկզբից որպես կրտսեր գիտաշխատող (1986-1988թթ.), ապա ավագ գիտաշխատող (1988-1996թթ.): 1998թ. պաշտպանելով դոկտորական ատենախոսություն` Ա.Ավետիսյանը ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:Արա Ավետիսյանի չինովնիկական կենսագրությունը սկիզբ առավ 1996 թվականին, երբ նշանակվեց կրթության եւ գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ: Սա այն շրջանն էր, երբ բլեյանական ռեֆորմների դեմ արշավանք հայտարարվեց, երբ սկսեց ավերվել ու քանդվել միջնակարգ կրթության համակարգը: Արա Ավետիսյանի նախաձեռնությամբ ստեղծվեցին տեսչությունները, որոնք վերածվեցին «կույր աղիքների», հետո անհասկանալի ծրագրեր ու մեթոդներ մշակվեցին… Ուրեմն, նա ղեկավարում էր հանրակրթության ոլորտը, որը, ըստ էության, գոյություն չուներ: Փոխարենը Արա Ավետիսյանը շատ ակտիվ մասնակցություն էր բերում դպրոցների տնօրենների նշանակման գործին, մի շարք տեղերում նշանակել տալիս յուրայիններին: Անդրանիկ Մարգարյանի վարչապետ դառնալուց հետո էլ նշանակվեց ԿԳ փոխնախարար` միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության ու գիտության ոլորտների համակարգման գծով: Նշանակման տարում էլ նպաստեց մի այնպիսի կեղծարարության, որի մասին դեռ մինչեւ հիմա շատերն են խոսում: ԿԳ նախարար Էդիկ Ղազարյանի ներկայացմամբ` նախարարության կոլեգիան 2000թ. մայիսի 19-ին որոշում կայացրեց Գյումրիում գործող արվեստների բուհերի մասնաճյուղերի համար մեկ միասնական ֆինանսական տնօրեն նշանակելու մասին: Այդ պաշտոնում նշանակվեց ոմն Հակոբ Զիլֆիմյան` դպրոցի նախկին տնօրեն, Գյումրու քաղաքապետարանի մանկապարտեզների բաժնի նախկին վարիչ: Ինչպես ասում են` Արա Ավետիսյանի կադրերից: Հենց Արա Ավետիսյանի հովանավորությամբ ստեղծվեց այսպես կոչված «Գյումրիի արվեստների պետական բուհերի մասնաճյուղերի կրթահամալիրի կանոնադրություն», որով ապօրինաբար լուծարվեցին մասնաճյուղերի տնօրենների հաստիքները, ստեղծվեցին անհասկանալի դեկանատներ` Զիլֆիմյան Հակոբին հռչակելով «կրթահամալիրի» տնօրեն: Հետագայում, երբ բացահայտվեց կեղծիքը, արդեն նախկին նախարար Է.Ղազարյանն արդարանում էր, թե Արա Ավետիսյանն ու սույն ինքնահռչակ տնօրենը կանոնադրության մեջ առկա մի քանի էջեր են փոխել, նենգափոխել իսկական կանոնադրությունը… 2011թ-ին «ընտրվելով» պոլիտեխնիկի ռեկտոր` Արա Ավետիսյանն այսպես է բացատրել իր հակումը դեպի այս համալսարանի ղեկավարի պաշտոնը. «Մի քիչ երկար եմ աշխատում նախարարությունում, 15 տարին երեւի շատ է էլի նույն տեղում աշխատելու համար: Անընդհատ նույն աշխատանքով զբաղվելը ստեղծագործական առումով լավ չէ: Ռեկտորի աշխատանքն ավելի գործնական է»: Այս տասնհինգ տարիներն Արա Ավետիսյանի համար «բերքատու» տարիներ են եղել, նա է ղեկավարել բուհական եւ հետբուհական կրթության բոլոր «մեխանիզմները», նրա «թեթեւ ձեռքով» են մի շարք նոմենկլատուրային զավակներ ընդունվել մագիստրատուրա կամ ասպիրանտուրա` ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, նա էր բաշխում տեղերը «էլիտար» բուհերում, նրան էր վերապահված բուհական կրթությանը տրվող միջազգային դրամաշնորհների ճակատագրերի տնօրինման լիազորությունը, նրա մասնակցությամբ իրականացվեցին մի շարք բուհերի ռեկտորների կեղծ ընտրություններ… Հենց Արա Ավետիսյանը սատարեց արվեստի բուհերի ռեկտորների գիտական կոչումների «շեմն» իջեցնելու ապօրինի որոշմանը` ինքն էլ հայտարարելով, թե ռեկտորը պարզապես մենեջեր է… Հիմա թղթակից-անդամ Արա Ավետիսյանն իրե՞ն էլ է մենեջեր համարում, թե՞, այնուամենայնիվ, կարծում է, որ ինքը բուհի նաեւ գիտական ղեկավարն է: Ինչեւէ:Արա Ավետիսյանի` ՀՊՃՀ ռեկտոր նշանակվելուց հետո շատերն ասում են, որ ինչպես Աշոտյանի, այնպես էլ փոխնախարարների օդերը բացվել են, մարդիկ սկսել են նախարարությունում ազատ աշխատել, բարձրաձայնել իրենց կարծիքները… Հիմա «կարդինալական» ռեժիմը ՀՊՃՀ-ում է հաստատվել:ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս