ՖՈՏՈ․ Ովքեր էին ներկա Չինաստանի հիմնադրման առիթով կազմակերպված միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվա 74-ամյակի առթիվ դեսպանատանն ընդունելություն էր կազմակերպվել: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը կազմակերպված միջոցառման ժամանակ նշեց, որ Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցում միմյանց ընտրած քաղաքական համակարգերը և զարգացման ուղիները, սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային բազմակողմ ոլորտներում, պաշտպանում իրենց երկրների օրինական իրավունքները և շահերը՝ պահպանելով համաշխարհային արդարամտությունը։

«Չինաստանը և Հայաստանը դարերի պատմություն ունեցող հնագույն քաղաքակրթություններ են, և երկու երկրների բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի։ Երկու կողմերն էլ հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցում են միմյանց ընտրած քաղաքական համակարգերին և զարգացման ուղիներին, սերտորեն աջակցում են միմյանց հիմնական շահերն ու հիմնական մտահոգությունները», – ArmLur.am-ի փոխանցմամբ նշել է նա։

Դեսպանի խոսքով՝ Չինաստանը և Հայաստանը լավ գործընկերներ են փոխշահավետ համագործակցության համար։ «Հայաստանն առաջին երկրներից է, որ աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը: Չինաստանը երկար ժամանակ եղել է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը, և երկկողմ առևտուրը շարունակում է աճել», – նկատեց նա։

Դեսպանը ընդգծում է, որ Չինաստանն ու Հայաստանը մշակութային փոխանակման ոլորտում մտերիմ ընկերներ են հանդիսանում։ Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրությունն աճել է՝ չինարեն սովորողների թիվը գերազանցում է 4000-ը։

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա, շնորհավորելով Չինաստանի ազգային օրվա՝ ՉԺՀ կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ, հիշեցրեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական համագործակցությունը՝ հիմնված լինելով ավանդական սերտ կապերի վրա, կայուն զարգացել և ամրապնդվել է, իսկ երկու ժողովուրդների ու պետությունների միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ կապեր:

«Չինաստանը հանդիսանում է Հայաստանի առաջնային առևտրական գործընկերներից մեկը, և մենք մեծապես կարևորում ենք բարեկամական փոխգործակցության հետագա ամրապնդումը: Մենք շարունակում ենք ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը՝ ավելի ընդլայնելով գործընկերության շրջանակը, այդ թվում՝ առևտրի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում»,- նշեց Արշակյանը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավորություն կլինի էլ ավելի ակտիվացնելու նաև միջխորհրդարանական մեխանիզմները և հնարավորություն կստեղծվի կազմակերպելու միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցեր։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում մի շարք երկրների դեսպաններ, պատգամավորներ և այլ հեղինակավոր անձինք։

Մարիամ Ղազարյան




Լրահոս