Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հրամանագիրը, ըստ որի` հունվարի 1–ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ:
«Մենք ի գիտություն ենք ընդունել, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, կարևոր է հումանիտար ասպեկտը»,– ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց, որոնցից շատերը Հայաստանի տարածք տեղափոխվելու ցանկություն են հայտնում։
«Բոլոր ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,– ընդգծել է ՌԴ նախագհի խոսնակը։
Լրագրողները նրան հարցրել են, թե ով է մեղավոր, որ հայերը սկսել են զանգվածաբար լքել Լեռնային Ղարաբաղը; «Դժվար է ասել` ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների համար ուղիղ պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանց մի մասը կարող է, ցանկանում է դա անել ընդմիշտ, մի մասը՝ ժամանակավորապես տրանսֆորմացիայի շրջանում», – պատասխանել է Պեսկովը։