ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված որոշակի հարցեր:
Նախագծի հեղինակի հավաստմամբ գործող օրենքով, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որը մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ քաղաքացու հետ եւ այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է ՀՀ-ում կամ ունի ՀՀ քաղաքացի զավակ, կամ որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու հնարավորություն ընձեռել նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած այն անձին, որի ծնողն ունի ՀՀ քաղաքացիություն:
Առաջարկվում է նաեւ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած անձի կողմից դիմում ներկայացնելու ժամկետային սահմանափակումը հանել, քանի որ, ըստ հեղինակի, խնդիր է առաջանում, երբ 18 տարին լրացած անձը 3 տարվա ընթացքում չի դիմում քաղաքացիություն ստանալու համար:
Հեղինակը տեղեկացրել է, որ «Հայաստանում ծնված լինելու» վերաբերյալ դրույթը դուրս է գալիս գործող օրենքից, քանի որ տվյալ երկրում ծնված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ քաղաքացիություն ստանալու համար:
Նշվել է նաեւ, որ Կառավարությունը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել են, ինչի արդյունքում էլ նախագիծը լրամշակվել է:
Ըստ Ռուստամ Բաքոյանի` հարցը քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ողջունել է նախագծի ընդունումը եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:
ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը: Նա նաեւ առաջարկել է շտկել տեխնիկական բնույթի վրիպակը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի հերթական նիստում: