Ինչ ճակատագիր կունենա Երևանը․ քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ազգային առաջընթաց կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ։ Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։

Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։

Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:

Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։

Մայր Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։

Հանրային ձայնը ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։

Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։

Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»։

«Մայր Հայաստան» դաշինքն էլ իր հերթին է հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մայր Հայաստան» դաշինքը, լիարժեքորեն հանձնառու լինելով իր հայտարարած սկզբունքներին, մասնավորապես՝ հասնելու ամբողջական իշխանափոխության և նոր ազգային իշխանությունների ձևավորման, որի համար Երևանի ավագանու ընտրությունները դիտարկվում են որպես մեկնարկային քայլ, ինչի համար ստացել է մեր համաքաղաքացիների անգնահատելի վստահությունը, գտնում է, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն է, որի պարագայում հնարավոր է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը։

Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր հռչակված կուսակցություններին հանդես գալու աներկբա հայտարարություններով և դիրոքորոշումներով, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը։

Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»։




Լրահոս