Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում արցախյան հերոսամարտի մասնակից, ՀԱԿ ներկայացուցիչ Ժորա Աթոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ժորա Աթոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի եւ 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելու եւ գումարներ շորթելու մեջ: Ըստ մեղադրանքի` Աթոյանը պետությանը վնաս է պատճառել 8 մլն դրամի չափով` նա մասնակցել է պատերազմին, սակայն չի վիրավորվել: Ժորա Աթոյանը, սակայն, պնդում է, որ մեղադրանքն անհիմն է, եւ որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների համար: Այս դատաքննությանը մասնակցում են շատ այլ ազատամարտիկներ, որոնք համոզված են, որ իրականում այս գործը շատ խորքային ուսումնասիրություն է պահանջում, քանի որ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր կեղծ փաստաթղթերով պետությունից գումար են ստանում, մինչդեռ չեն մասնակցել արցախյան պատերազմին կամ չեն վիրավորվել: Այս գործով հարցաքննվել է 14 վկա, որոնցից վերջինի՝ Թադեւոս Գեւորգյանի նկատմամբ կար դատարանի դահլիճ բերման ենթարկելու մասին որոշում: Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած դատաքննության ժամանակ պարզվեց, որ նշված հասցեում նման անուն-ազգանունով որեւէ մեկը չի ապրում. ոստիկաններին չի հաջողվել պարզել, թե որտեղ է ապրում Թադեւոս Գեւորգյանը եւ, ընդհանրապես, ով է նա: Հարկ է նշել, որ վերոհիշյալ անձն իր նախաքննական ցուցմունքներում պնդել է, թե կռվել է Աթոյանի հետ եւ լավ գիտի, որ նա ռազմի դաշտում չի վիրավորվել: Դատական նիստը հետաձգվեց, մինչեւ կպարզվի, թե ով է այդ անձնավորությունը:Ազատամարտիկներն ակնկալում են, որ դատարանի առաջ կկանգնեն նաեւ պետական պաշտոնյաներ, ովքեր արհեստականորեն ուռճացրել են «ազատամարտիկների» թիվը` այդ կերպ փորձելով պառակտել երկրապահներին: «Գյումրի» գումարտակի հրամանատար Ավետիք Մելքոնյանի կարծիքով` շատ սխալ է, որ փաստաթուղթ կեղծողների փոխարեն դատակոչվում են այնպիսի վկաներ, ովքեր գործի հետ առնչություն չունեն: «Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել պատերազմին, իսկ մեր զոհված ազատամարտիկ տղոնցը դարձրել են իրանց բիզնեսի առարկան: Այդ խախտումները հիմնականում կատարվել են ԱՎՄ-ի միջոցով, ԱՎՄ կնիքով (Ազատամարտի եւ վետերանների միություն): Ամոթ է, թող կռվող տղոնց անունի հետ չխաղան»,-ասում է Ավետիք Մելքոնյանը:«Եթե պարզվի անգամ, որ փաստաթղթեր են կեղծվել, դա չէր կարող արած լինել միայն ժորա Աթոյանը: Պատասխանատվության առաջ պիտի կանգնեն մարդիկ, ովքեր կեղծ գործարքի հիմնական կողմերն են, ովքեր հովանավորել ու կնիք են խփել»,-ասում է փաստաբան Աննա Դավթյանը` հավելելով, որ թոշակավորումը թեեւ կատարվել է կենտրոնական ռազմական բժշկական հանձնաժողովի կողմից, բայց այդ կառույցից որեւէ բուժաշխատող չի հրավիրվել դատարան-հարցաքննության: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ