Ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի՝ անկախ տարիքից, պետական բյուջեից միանվագ 100 հազարական դրամ հատկացնելու է որոշում է կայացվել:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, «Հումանիտար կենտրոն»-ի համակարգող Տիգրան Խաչատրյանը՝ մանրամասնելով թե ինչպես և երբ կարող են մարդիկ աջակցությունը ստանալ:
«Պատճառը պարզ է, քանի որ բոլոր մարդկանց չէ, որ առաջին օրվանից հնարավոր է հասկանալ, կարիքները գնահատել: Մեր հրատապ առաջնային խնդիրը մարդկանց կեցավայրով և սննդով ապահովելն է, սակայն նաև գիտենք, որ նրանց մեծ մասը ձեռքի տակ եղած փոխադրամիջոցով եկել, հասել է Հայաստան, և հագուստի կարիք ունեն, կամ այլ առաջնահերթ կարիքներ կան:
Այս դրամական աջակցությունը յուրաքանչյուրին որ տրվում է անկախ տարիքից ու պահանջների առանձնահատկություններից, առաջիկա օրերին կտրվի հենց այդ նպատակով, որ իրենց այդ առաջնային կարիքները հոգան»,- ասաց փոխվարչապետը:
Ինչպես պետք է տեղահանված անձինք ստանան այդ աջակցությունը: Փոխվարչապետն ասաց՝ ինչ մեխանիզմ են պատկերացնում:
«Մարզային կենտրոններում ՄՍԾ-ների համապատասխան գրասենյակներում առաջիկա օրերին կստացվեն դիմումներ, շատերի վերաբերյալ արդեն անհատական հաշվառման տվյալները բազաներում կան, ումը որ չկա՝ կհաշվառենք, կարճ ժամանակամիջոցում նրանց անուններով կթողարկվեն բանկային քարտեր, դրանցով կստանան այդ գումարը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: