«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբին դադարում եմ անդամակցել․ Նաիրա Մելիքյանը ներկայացրել է պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նաիրա Մելիքյան ներկայացրել է «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբին իր անդամակցության դադարեցման որոշման պատճառները: Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի ընկերներ և հետևորդներ,

Կրկին հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը վստահության և աջակցության համար:
Ինչպես և խոստացել էի, ներկայացնում եմ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբին իմ անդամակցության դադարեցման որոշման պատճառները:

1. Երեկ, 27.09.2023թ.-ին, «Մայր Հայաստան» շարժման ՖԲ էջում տեղադրված հայտարարությունն առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, բաձարձակապես անընդունելի է ինձ համար, քանի որ Հայկ Մարությանն, ըստ իս, նիկոլի շարունակությունն է, մարդ ով սպասարկել ու սպասարկում է ՔՊ-ի շահերը:

Ավելին, ես չեմ մասնակցել վերոնշյալ հայտարարության կայացմանը, իմացել եմ նման որոշման մասին ՖԲ-ից՝ մեր բազմաթիվ այլ քաղաքացիների նման, և ինձ համար առնվազն տարօրինակ է, որ հայտարարության տեքստը չի քննարկվել ու համաձայնեցվել շարժման նախաձեռնող խմբի անդամների՝ ներառյալ ինձ հետ:

2. Այն պահից, երբ հրապարակում հայտարարվեց Ազգային կոմիտեի կազմը, իսկ անդրանիկ Թևանյանը համաձայնվեց մտնել կոմիտե այդ կազմով՝ նորից, առանց քննարկելու այդ որոշումը նախաձեռնող խմբի անդամների հետ, ինձ մոտ արդեն իսկ առաջացան հարցեր, քանի որ «Մայր Հայաստան» շարժման հռչակագրում ամրագրված ամենակարևոր սկզբունքներից մեկը վերկուսակցականությունն է:
Այսինքն, տեղի է ունեցել մեր կողմից հռչակված սկզբունքների խախտում, ինչը ևս անընդունելի է ինձ համար:

3. Կոմիտեի կազմում հայտնված մարդկանց մի մասը հակառուսականության ջատագովներ են: Դա էին վկայում նրանց ելույթները, գրառումները, և նրանց քաղաքական հետագիծը:

Ես ինքս հիացած չեմ Ռուսաստանի, որպես մեր բնական դաշնակցի վարած քաղաքականությամբ, բայց կարծում եմ, որ նման օրհասական իրավիճակում, մեր թշնամիների շրջանակը մեծացնելու ցանկացած փորձ ոչ միայն քաղաքական տհասություն է, այլ նաև հակապետական, հակազգային, հակահայկական ու դավաճանական քայլ:

4. Հանրահավաքների և բողոքի ակցիաների չեղարկումը Ազգային կոմիտեի որոշ անդամների կողմից:
Դուք իրավունք չունեք մեր անունից նման որոշում կայացնելու, դուք իրավունք չունեք մենաշնորհներ հաստատելու, դուք իրավունք չունեք ժողովրդին նորից ապատիկ վիճակի մեջ դնելու համար:

Եվ Աստված չանի, եթե պարզվի, որ դուք սա անում եք միտումնավոր, բողոքի ալիքը մարելու համար: Համենայն դեպս, ինձ մոտ նման տպավորություն է:

Եզրափակելով հայտարարությունս, կրկնեմ, որ ես միացել եմ «Մայր Հայաստան» շարժմանը, քանի որ այն վերկուսակցական էր, ձգտում էր ամբողջական իշխանափոխության ժողովրդական լայն կոնսոլիդացիայի միջոցով, քանի որ շարժման շրջանակներում ստեղծվել էր շատ լավ թիմ, որի անդամները ոչ միայն արհեստավարժ էին, անկուսակցական էին, այլ նաև պատրաստ էին լինել ազնիվ ու անկեղծ մեր քաղաքացիների հետ, չշեղվել «Մայր Հայաստան» շարժման հռչակագրով ամրագրված սկզբունքներից, անել առավելագույնը մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարելավման ուղղությամբ, առաջնորդվել միայն մեր ազգային շահով, իրականացնել ծանր ու քրտնաջան աշխատանք մեր ժողովրդին ապատիկ վիճակից դուրս բերելու և վերջինիս վստահությունը շահելու համար, մերժել «ընտրությունից ընտրություն» քաղաքական ուժ դառնալու արատավոր ավանդույթը՝ այսպես կոչված «ռեալ պոլիտիկ»-ի անվան տակ գնալով ինչ ինչ կարճաժամկետ գործարքների, այդպիսով ոչ միայն հերթական անգամ հիասթափեցնելով մեր հանրությանը, այլ նաև ոչնչացնելով քաղաքական դաշտում ձևավորվող որևէ առողջ ծիլ, և շարունակելով քաղաքական դաշտը ամայացնելու խայտառակ գործընթացը:

Հ.Գ. Խնդրում եմ չհիասթափվել, չհրաժարվել պայքարից որևէ պարագայում, տեր կանգնել ձեր քվեին, թույլ չտալ հարթակ բարձրանալ մարդկանց, ովքեր աթոռակռիվ տվող պոպուլիստներ են: Դժվարինն առջևում է, և մենք պետք է ամուր լինենք»:




Լրահոս