Հետևելով դասագրքերի տպագրության, դրանց բաշխման մասին նոր թարմացումներին՝ ArmLur.am-ը հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն և առաջիկայում կտեղեկացնենք հարցման պատասխանի մասին։
Մենք շրջել ենք գրախանութներում և նկատել, որ այնտեղ 7-րդ դասարանի 2 տարբեր կազմով դասագրքեր կան։ Ուսումնասիրեցինք և հասկացանք, որ և՛ հեղինակները, և՛ հրատարակչությունները տարբեր են։ ԿԳՄՍ նախարարության հետ զրույցից պարզ է դառնում, որ առարկաներ կան, որոնք հրատարակվում են երկու տարբերակով և երկու տարբերակն էլ նախարարությունը երաշխավորել է, իսկ նման դեպքում դպրոցն է ընտրում, թե որ դասագրքով առաջնորդվի:ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Կարինե Մանուկյանն ասում է, որ ծրագրային տարբերություն չկա, բայց նույն գիրքը չեն, սակայն երկուսն էլ նույն արդյունքն են ապահովելու։
Իսկ հարցին, թե ինչպես է համակարգվում դասագրքերի վաճառքը գրախանութներում, մեզ պատասխանեցին, որ գրախանութների վերահսկողության գործառույթը նախարարության լիազորությունների շրջանակում չէ։
Մարզերի դպրոցներից մեկից տեղեկացանք, որ ռուսերենի դասագիրք չի լինելու, առարկան կուսումնասիրվի նախորդ տարվա դասագրքով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ եթե գրքերը չբավականացնեն Արցախից եկած երեխաներին բաժանելու համար, հնարավոր է՝ անհրաժեշտություն լինի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի նոր տպաքանակ տպել։