Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետությունում այսօր տեղի է ունեցել 2-րդ ազգային քաղաքաշինական ֆորումը, որին ներկա են եղել գրեթե 200 օտարերկրյա հյուրեր՝ 53 երկրներից:
Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ ասել է․ «Սա մեր բարեկամության և մեր ընդհանուր շահի արտացոլումն է՝ օկուպացիայի ժամանակ ամբողջությամբ ավերված տարածքները վերականգնված տեսնելու»։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը վերակառուցում է քաղաքները, իսկ գյուղերը զրոյից է ստեղծում: «Հետևաբար, մենք պետք է օգտագործենք ժամանակակից տեխնոլոգիաները և ստեղծենք լավագույն պայմանները նախկին փախստականների համար, ովքեր արդեն վերադարձել են»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է նաև, որ այսօր Արևելյան Զանգեզուրը վերակառուցվում է զրոյից, ինչպես ամբողջ Ղարաբաղը։
«Մենք Զանգիլանը դիտարկում ենք որպես կարևոր տրանսպորտային կետ՝ իր աշխարհագրական դիրքով և այն պատճառով, որ այն գտնվում է տրանսպորտային միջանցքներում»։
Ընդհանուր առմամբ, արդեն հաստատվել են ութ քաղաքների և իննսուներկու գյուղերի գլխավոր հատակագծերը։ Ընդգծելով, որ առաջիկա տարիներին կսկսվեն բնակարանաշինության լայնածավալ աշխատանքներ, այդ թվում՝ Շուշի քաղաքում և այլ քաղաքներում, երկրի ղեկավարը նշել է, որ դա ծրագրի մի մասն է։
Օֆելյա Հովհաննիսյան