Երևանն ընդդիմադիր քաղաքապետ չի՞ ունենա. Հայկ Մարությանի շուրջ կոնսենսուս չի ձևավորվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն շուրջ երկու շաբաթ է՝ Երևանը քաղաքապետ չունի:

Սեպտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրության արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել էր հինգ քաղաքական ուժ, սակայն նրանցից որևէ մեկին չէր հաջողվել 50 տոկոս և ավել ձայն հավաքել, որպեսզի կարողանա միաձայն քաղաքապետ ընտրել:

Ընդդիմադիր թևից հանդիսացող «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը նախ հայտարարեցին, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացառեն ՔՊ-ի վերարտադրվելը, քաղաքական ուժերն անգամ պատրաստ էին համաձայնության գալ Հայկ Մարությանի թեկնածության շուրջ:

Բայց, կարծես թե, քաղաքական ուժերի սկզբունքները և նախապայմանները թույլ չեն տալիս կոնսենսուսի գալ:

Հոկտեմբերի 10-ին պետք է տեղի ունենա նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ավագանին պետք է քաղաքապետ ընտրի:

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իրենք բոյկոտելու են Երևանի ավագանու անդրանիկ նիստը և գնում են Երևանի ավագանու նոր ընտրությունների, քանի որ ընդդիմադիր ուժերի ձայները չեն բավականացնում ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար։

Պատճառնն այն է, որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու երկու անդամ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, նրանցից մեկը՝ Արտակ Գալստյանը գտնվում է կալանքի տակ, իսկ Տիգրան Ուրիխանյանը հետախուզման մեջ, հետեւապես ավագանիում այս կուսակցությունը կունենա 5 անդամ, որի պարագայում ընդդիմությունը չի կարողանա քաղաքապետ ընտրել, քանի որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 ձայնից երկուսն այլևս չկան:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ևս հայտարարել է, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին:

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ևս հայտարարել է, որ պատրաստ է միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի`Երևանի ավագանու առաջին նիստը բոյկոտելու որոշմանը`պայմանով, որ իր հետ պայմանագիր կնքեն մայրաքաղաքում ամեն երրորդ պաշտոնն իր ներկայացրած ուժին հանձնելու մասին։

Մինչ ընդդիմադիր հանդիսացող քաղաքական ուժերը հեռակա «լեզվակռիվ» են տալիս, իշխող ՔՊ-ն եվ «Հանրապետություն» կուսակցությունը լուռ հետևում են գործընթացին: Չնայած ընդդիմադիր ուժերը վստահություն են հայտնում, որ «Հանրապետություն»-ը կոալիցիայի է գնալու իշխող ուժի հետ:

Այսպիսով, եթե «Հանրային ձայն» կուսակցության անդամներից ներկայանան նիստին, ապա քվորում կապահովի։ Առաջին քվեարկությամբ Ավինյանը չի ստանա 33 ձայն, բայց նիստը կկայանա, երկրորդ քվեարկության ժամանակ նա կանցնի ձայների մեծամասնությամբ։ Իսկ եթե 2 անգամ քվորում չլինի, եւ քաղաքապետ չընտրվի, ապա պարտավոր են նոր ընտրություններ հայտարարել։

Ք.Մ




Լրահոս