ԻՆՉՊԵՍ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ նիստը։ Նիստի ժամանակ քննարկվեց Արցախում տիրող իրավիճակը։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե որ երկրի ներկայացուցիչն ինչպիսի ելույթ է ունեցել նիստի ընթացքում։

 

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ -ն շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով հարաբերությունների նորմալացման գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Որեւէ մեկից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ: Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երեւանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ իրենք ճանաչել են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Միեւնույն ժամանակ, այդ գագաթնաժողովների ավարտական հռչակագրերում, որոնց Երեւանը տվել է համաձայնությունը, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների, անվտանգության երաշխավորման թեման պարզապես, դժբախտաբար, բաց է թողնվել:

Մենք ակնկալում ենք, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ շփումների արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս շուտ թեթեւացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում եւ ապահովել կայունություն ԼՂ բնակիչների առօրյա կյանքում: Մենք ամեն հնարավոր կերպ դրան կաջակցենք։ Մենք պետք է աստիճանաբար ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ Այս գործընթացներին ակտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտնեց, որ  ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները:

«Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես, սակայն այս պահին  իրավիճակը տեղում մնում է ծանր: Եվ մենք խորապես մտահոգված ենք ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզ արտահայտվեմ՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը եւ մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Ադրբեջանը նաեւ միջազգային պարտավորություններ եւ հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»։

Ֆրանսիայի ներկայացուցիչն էլ նշում է, որ Ֆրանսիան անմիջապես եւ կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վերճերի խաղաղ լուծման սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

«Մենք միակը չենք, որ այդպես ենք կարծում։ Այս գործողության հետեւանքները հատկապես ծանր եղան, հարյուրավոր վիրավորներ կան, տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք եւ երեխաներ։ Հրադադարը հայտարարվեց երեկ. այն կենսական կարեւորություն ուներ, եւ շատ կարեւոր է, որ այն պահպանվի»։

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը ընտրել է ռազմական ուժով իրավիճակը փոխելու ճանապարհը։ «Չափազանց շատ մարդիկ են արդեն զոհվել ընդամենը 2 օրվա ընթացքում»։

Ներկայացուցիչը նաեւ հայտարարեց. «Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը եւ կոչ անում վերջինիս վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունը»։

Շվեյցարիայի ներկայացուցիչը շեշտեց, որ Շվեյցարիան խորապես մտահոգված է ռազմական գործողություններով, որոնք նախաձեռնեց Ադրբեջանը։  ԼՂ բնակչությունն արդեն իսկ մարդասիրական ծանր իրավիճակում էր եւ կրում էր տառապանք։ Իրավիճակը մնում է փխրուն. «Մենք պետք է չսահմանափակվենք գեղեցիկ բառերով»։

Մալթայի ներկայացուցիչը պնդում է, որ Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը. «Կոչ ենք անում ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները»։

 

 

 

ՄԻԱՑԵԼ ԵՆ ԱԿՑԻԱՅԻՆ

Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին: Նրանք հայտարարել են դասադուլ: Այս մասին ակցիայի մասնակիցներին հայտնեցին ուսանողները եւ նշեցին, որ այժմ լսարանները դատարկ են:

Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում, նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց:

Նշենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաեւ պահանջում են ՀՀ իշխանություններից Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։

Նշենք նաեւ, որ դասադուլին են միացել նաւ հետեւյալ ուսումնական հաստատությունների ուսանողները.

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ,

Ֆրանսիական համալսարան,

Շառլ Ազնավուրի անվան արվեստի եւ մշակույթի պետական քոլեջ,

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ,

Տնտեսագիտական համալսարան,

Շիրակի պետական համալսարան,

Բրյուսովի անվան համալսարան,

Կոնսերվատորիա։

 

 

 

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով իր թիմի հետ քննարկվել է պարետային ժամ սահմանելու որոշումը։  Նշենք, որ Երեւանում արդեն գրեթե 3 օր անհնազանդության ցույցեր են, եւ իշխանականների շրջանում խուճապ է առկա։

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-2-ը կայցելի Իրան։

Այս մասին Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազույցում:

Նա նշեց, որ Իրանում նախատեսվում են բարձր մակարդակի բանակցություններ հայ-իրանական հարաբերությունների շուրջ։

 

 

 

ԱՆԱԴԵԿՎԱՏ ՎԱՐՉԱՊԵՏԸ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստը եկավ եւս մեկ անգամ հիմնավորելու, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարզապես ադեկվատ չէ հայաստանյան իրողություներին։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին եւ, ի դեպ, բավական անվրդով, նույն անվրդովությամբ նա շարունակեց նիստում քննարկել ու թվարկել, թե հայաստանյան բնակավայրերում ինչ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, որ փողոցներն ու որ նրբանցքներն են ասֆալտապատվում, որ կրթական կամ մշակութային հիմնարկներն են վերանորոգվում։

Եվ այսպես, նա բավական պատկառելի ժամանակ նվիրեց փողոց առ փողոց թվարկելու համար, եւ սա անում է մի իրավիճակում, երբ արցախահայերը պարզապես կյանքի ու մահվան շեմին են, գոյության վտանգի առաջ։

Փաշինյանը, մյուս կողմից, սա անում է հաշվարկված. պարզապես փորձում է ընտրազանգվածին իր կողմը պահել ու նրանց ասֆալտի եւ սուբվենցիոն մյուս ծրագրերով կերակրել՝ հետագայում կրկին ձայն ստանալու ակնկալիքով։ Նա աշխատում է բացառապես մի ուղղությամբ՝ ամեն գնով մնալ իշխանության եւ ապահովել հետագա վերարտադրությունը, եթե հասնի ընտրությունների։

Դա է պատճառը, որ կառավարության նիստի առաջին իսկ զեկուցվող հարցը սուբվենցիոն ծրագրերն էին։

 

 

 

«ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ» ՈՐՍ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շատ ծանր վիճակում են գտնվում: Մի կողմից ավագանու ընտրություններում կրած պարտությունը, մյուս կողմից՝ Երեւանում ստեղծված այս վիճակն է, երբ օրեր շարունակ Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են փողոցները եւ հրաժարվում են տուն գնալ: Այս ծանր վիճակում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք շարունակում են իրենց անհոգ կյանքը, նրանց չի հետաքրքրում իրենց թիմի ծանր վիճակը:

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը վերջերս մեկնել էր էկզոտիկ Վիետնամ՝ Հանոյ քաղաքում քննարկման մասնակցելու: Թեեւ վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վիետնամում քննարկման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, բայց վերջինս այնտեղ ընդամենը մի քանի րոպեանոց ելույթ է ունեցել, փոխարենը օրեր շարունակ մնացել է այնտեղ եւ վայելել իր հանգիստը:

Պատգամավորն ընտրական գործընթացներին չէր մասնակցում, միայն մի երկու օր քարոզարշավի է մասնակցել ու վերջ: Արփի Դավոյանն էլ մի կողմից է անընդհատ գործուղումների մեկնում, ու կարծես թիմի ծանր վիճակը միեւնույնն է նրանց համար:

ՔՊ-ում իրենց թիմակիցների այս վարքագիծը դավաճանական են համարում իրականում ու կարծում են, որ այս ծանր վիճակում պատգամավորներից ոմանք մենակ են թողել իրենց թիմին:

 




Լրահոս