ԿԼՈՐ ԿՆԻՔԻ ԿԱՐԻՔ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում ուժը կորցրած ճանաչեց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմքը՝ կնիքը:

 

Նշվեց, որ սրա արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում  (ելքի կնիք) կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթեւացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունը միջնաժամկետ լուծում է, քանի որ սույն որոշմամբ սահմանված անձնագրերը տրամադրվելու են մինչեւ բիոմետրիկ համակարգի ամբողջական ներդրումը։

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ միայն 2021 թվականին ունեցել ենք շուրջ 500 հազար գործարք: «Ընդհանուր անձնագրային գործարքներից սա բավական մեծ տոկոս է կազմում: 2022 թվականին ունեցել ենք շուրջ 640 հազար գործարք եւ 2023 թվականի առաջին կիսամյակը, չհաշված պիկ ամառային հատվածը, արդեն 303 հազար գործարք ենք ունեցել:

Մի շատ կարեւոր հանգամանք կա պարզապես: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ արտաքին այլ երկրների հետ հարաբերություններին է վերաբերում, մենք սահմանել ենք Արտաքին գործերի նախարարության համար եռամսյա ժամկետ իրազեկման համար, որպեսզի օտարերկրյա պետություններն այս մեր պահանջի հանելու մասին իրազեկ լինեն, եւ մեր քաղաքացիներն օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում որեւէ խնդիրների այս տեսանկյունից չբախվեն: Իրազեկման այս կարեւոր կոմպոնենտով պայմանավորված՝ նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է առաջարկվում 2024 թ. հունվարի 1-ը»,- ասաց փոխնախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա այն ինստիտուտի մասին է, որն ի սկզբանե մարդիկ կոչում էին «անձնագրի 5 հազար դրամ», որովհետեւ այն ժամանակ հնարավոր էր միայն անձնագրի այդ կնիքն ունենալ 5 տարով՝ տարին 1000 դրամ: Հետո կարգավորումները փոխվեցին, եւ այն կարելի էր ունենալ մի տարով 1100 դրամ վճարելու պարագայում:

Ի՞նչ էր տեղի ունենում. օրինակ՝ արձակուրդների սեզոնին՝ օգոստոսին եւ դեկտեմբերի վերջ, մարդիկ, որոնք պլանավորում էին երկրից դուրս գնալ, մեկ էլ հանկարծ արձանագրում էին, որ իրենց անձնագիրն օտար երկրում վավերական չէ: Միշտ այդ հարցն առաջացել է՝ ինչպես է, որ ես անձնագիր ունեմ, անձնագիրն ուժի մեջ է, բայց ինքը վավերական չէ: Այսինքն՝ տարօրինակ բան: Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրը եւ ուղղում ենք:

Հիմա ՀՀ քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից այլեւս որեւէ կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենալու: Ժամկետը պայմանավորված է նաեւ նրանով, որ մենք տասնյակ տարիներ բոլոր օտարերկրյա պետություններին իրազեկել ենք, որ եթե մեր քաղաքացու անձնագրում այդ կնիքը չկա, անձնագիրը վավեր չէ: Հիմա մենք առաջիկա ամիսների ընթացքում բոլորին պետք է տեղյակ պահենք, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ մենք քաղաքացիներին թույլատրենք հանրապետությունից դուրս գալ, իրենք որեւէ օտար երկրում կանգնեն պրոբլեմի առաջ, եւ արդեն սկսեն հետահայաց աշխատել»:

 

 

 

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը հրապարակում է կատարել եւ իր ուրախությունը արտահայտել՝ այն փաստի հետ կապված, որ «Ադրբեջանն ու Հայաստանը կարող են կայուն խաղաղության հասնել»:

«Սա վճռորոշ ժամանակ է Ադրբեջանի եւ Հայաստանի, մեր ժողովուրդների համար։ Շատ ուժեր չեն ցանկանում մեր զինադադարը, խաղաղ գոյակցությունն ու ընդհանուր ապագան։ Միասին մենք պետք է ապացուցենք, որ այս ամենը սխալ է, եւ ցույց տանք, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են եւս մեկ անգամ միասին ապրել եւ զարգանալ Ղարաբաղում։

Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել կայուն խաղաղության եւ կարգավորել իրենց հարաբերությունները։ Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել»,- գրել է ադրբեջանցի դիվանագետը:

 

 

 

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է մի շարք պատգամավորների այն հայտարարություններին, թե, իբր, սանկցիաներ պետք է կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջազգային հանրությանը մոլորեցնելու իր արշավում օգտագործում է  Հայաստանի փորձը, որը ողբալի է։ Մենք, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ տեղեկացնում ենք խորհրդին եւ միջազգային հանրությանը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համար Հայաստանի կողմից առաջադրվող մարտահրավերների մասին: Խորհրդի նման անխոհեմ չարաշահումը եւս մեկ անգամ բացարձակապես անթույլատրելի է, լուրջ հարված է այս մարմնի հեղինակությանը»,- նշել է նա:

Նախարարը  հավելեց. «Այսօր Ադրբեջանի Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության հատուկ ներկայացուցչի հանդիպումը հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել ենթակառուցվածքների վերականգնման  ու շահագործման հետ կապված հարցեր»:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ նախկինում երկխոսությունը կողմերի միջեւ անհնար էր հայկական կողմի խոչընդոտման պատճառով:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՆԿԱՐԱՅԻ ՀՈՒՅՍԵՐԸ

Անկարան ակնկալում է, որ Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ գործողություններից հետո երկարաժամկետ խաղաղություն կգա, եւ խաղաղության համաձայնագրի կետերը կյանքի կկոչվեն. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Ղարաբաղում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Երեւանը սա որակեց որպես ագրեսիա՝ ասելով, որ Ղարաբաղում հայկական ստորաբաժանումներ չկան։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին: Հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, հայկական ուժերի զինաթափումը եւ ծանր տեխնիկայի դուրսբերումը Ղարաբաղից։

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արեւելք, տեղի է ունեցել ղարաբաղահայության ներկայացուցիչների հանդիպումն ադրբեջանական պատվիրակության հետ՝ նվիրված տարածաշրջանի հանրապետության ինտեգրմանը։

 

 

 

ԿԱՅԱՆ՝ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ

ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում կայան կբացի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։

Կայանի նպատակն է միավորել միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների ջանքերը, ապահովել մարդասիրական բեռների անվտանգությունը Ղարաբաղ ուղարկելու համար, ինչպես նաեւ օտարերկրյա իրավապաշտպան կազմակերպություններին եւ լրագրողներին օբյեկտիվորեն ներկայացնել հումանիտար ճգնաժամի վերաբերյալ տվյալներ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական համազգեստով մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանական» պատրվակով փակել էին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, որտեղից հեռացել էին ապրիլի 28-ին: Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է ստեղծել՝ ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով այն։ Ղարաբաղը կորցրել է նաեւ Հայաստանի Հանրապետությունից գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Հունիսի 26-ին Երեւանից Ղարաբաղ է ուղարկվել մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն։ Նրանց արգելել են անցնել, եւ նրանք կանգնած են Կոռնիձոր գյուղի մոտ՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Օգոստոսի 30-ից այնտեղ կանգնած են ֆրանսիական մի շարք քաղաքների մարդասիրական օգնությամբ բեռնատարներ։ Սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը Ղարաբաղ հասցվեց Աղդամից ճանապարհով եւ Լաչինի միջանցքով, սակայն 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեց Ղարաբաղի դեմ։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս