«ԱԶՆԱՎՈՒՐ» ՔՈԼԵՋՆ ՈՒ ԴԱՍԱԴՈՒԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը պարզաբանում է տարածել երեկ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքներին քոլեջի ուսանողների մասնակցության շուրջ լուրերի առնչությամբ:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ ես՝ որպես հայ, մտահոգված եմ ցանկացած իմ հայրենակցի, ազգի ներկայացուցչի ճակատագրով՝ կլինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում։ Ինձ համար բոլորն էլ թանկ են ու իմ արյունակիցներն են, առավել քան այսօր, երբ Արցախի հայությունը գտնվում է ամենածանր իրավիճակում, եւ նրանց կարգավիճակն օրհասական է ու աղետալի։ Ես՝ որպես հայ, մտահոգված եմ եւ իրապես անելանելի իրավիճակում եմ հայտնվել, ինչպես այսօր իմ բոլոր հայրենակիցները։

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատության հետ կապված շրջանառվող լուրերին, ապա, որպես ուսումնական հաստատության ղեկավար, ես պարտավոր եմ ի պաշտոնե պահպանելու ուսումնական հաստատության ապաքաղաքական կարգավիճակը։

Ես ունեմ իմ քաղաքական հայացքները, բայց դրանք ես իրավունք չունեմ ո՛չ ստիպելու, ո՛չ ներկայացնելու, ո՛չ հանրայնացնելու իմ ուսանողների շրջանում, քանզի ես զբաղվում եմ կրթությամբ։ Քոլեջում չկա մի ուսանող, որ կարող է ասել, թե ես երբեւիցէ խոսել կամ խոսում եմ իմ քաղաքական հայացքների մասին, կամ էլ, առավել եւս, իմ գաղափարներն եմ պարտադրում կամ սերմանում։

Ինչ վերաբերում է այսօրվա հանրահավաքին, ապա ասեմ՝ առավոտյան երբ ես եկա աշխատանքի, ուսանողները հավաքված էին քոլեջի մուտքի մոտ։ Մոտեցա նրանց,  ինձ դիմավորեցին «Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառներով եւ հարցերցին. «Պարո՛ն Կիրակոսյան, ինչպե՞ս կարտահայտվեք»: Պատասխանս եղավ՝ այո, Արցախը ինձ համար Հայաստան է, ինչպես յուրաքանչյուր հայի համար։

Ինչ վերաբերում է նրանց դասին չներկայանալուն եւ հանրահավաքներին մասնակցելուն, ես նրանց տեղեկացրել եմ, որ չներկայանալու դեպքում  կստանան բացակա։ Իսկ այն հարցին, թե իրենք պետք է գնան մասնակցեն, թե ոչ, ես պատասխանեցի՝ դուք անչափահաս եք, եւ մենք ձեր եւ ձեր անվտանգության համար պատասխանատվություն ենք կրում։ Եթե չեք ներկայանալու դասի եւ պատրաստվում եք լքել ուսումնական հաստատությունը, ապա դրա մասին մենք պետք է տեղեկացնենք ձեր ծնողներին, քանի որ նրանք ձեզ ճանապարհել են ուսումնական հաստատություն՝ դասի։

Այդ երեխաները, որպես անչափահաս, կարող են հայտնվել բազմության մեջ, որտեղ ամեն տեսակի վտանգ կարող է լինել, իսկ ուսումնական հաստատությունը, ինքս՝ որպես ուսումնական հաստատության տնօրեն, իրենց ծնողների հետ կիսում ենք նրանց կյանքի անվտանգ առօրյան կազմակերպելու գործը։ Ի դեպ, այդ մասին անմիջապես տեղեկացրել եմ նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ-ին։

Խնդրում եմ եւ պահանջում չքաղաքականացնել ոչինչ՝ «Ազնավուր» քոլեջի անվան հետ կապված, ինչպես նաեւ չօգտվել ստեղծված իրավիճակից, չքաղել դիվիդենտներ եւ այլ մեկնաբանություններ չանել։ Այս պահին քոլեջն աշխատում է բնականոն հունով։

Ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, իսկ Արցախն ինձ համար Հայաստան է»։

 

 

 

ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ 72 կգ, 60 կգ, 97 կգ քաշային կարգերի գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

 

2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում մրցեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ։

Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը (72կգ) որակավորման փուլում ուժերը չափեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի  Նարեկ Օհանյանի հետ:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգի հետ։

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ անցկացրեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո։ Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջեւ կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

 

 

 

ՄԵՍԻԻ ՆՊԱՏԱԿԸ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է մասնակցել հաջորդ տարի ԱՄՆ-ում անցկացվելիք Ամերիկայի գավաթին։

«Աշխարհի առաջնության մասին չեմ մտածում, քանի որ դեռ շատ ժամանակ կա, իսկ Ամերիկայի գավաթի մասին մտածում եմ։ Նպատակս է մասնակցել ԱՄՆ-ում Ամերիկայի գավաթին։

Մենք այստեղ արդեն մեկ անգամ մասնակցել ենք Ամերիկայի գավաթի. հրաշալի էր: Թեեւ եզրափակիչում պարտվեցինք, բայց ստադիոնները, մթնոլորտը, ուղեւորությունները շատ հավանեցինք»,- Մեսիի խոսքը մեջբերում է AS-ը։

Ամերիկայի գավաթը տեղի կունենա 2024թ. հունիս-հուլիսին։ Կմասնակցի 10 հարավամերիկյան եւ 6 հյուսիսամերիկյան հավաքական:

 

 

 

150-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Երեւանի «Ալաշկերտի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը Հայաստանի առաջնություններում անցկացրել է 150-րդ հանդիպումը՝ մասնակցելով Երեւանի «Արարատի» դեմ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպմանը. հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտն» այդ խաղում հաղթել է 2:1 հաշվով։

Վսեւոլոդ Երմակովից (156 խաղ) հետո Չանչարեւիչը դարձավ Հայաստանի առաջնություններում 150 խաղի սահմանագիծը հատած այլազգի երկրորդ դարպասապահը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը Պրեմիեր լիգայում առավել շատ հանդիպումների մասնակցած սերբ ֆուտբոլիստն է։

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ

Լոնդոնի «Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը 24-ամյա նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի հետ. հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։

Էդեգորը չորրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արսենալում» 2021թ. հունվարին Մադրիդի «Ռեալից» վարձակալությամբ տեղափոխվելուց հետո։ Անցած մրցաշրջանում Էդեգորը Անգլիայի Պրեմիեր լիգայում խփել էր 15 գոլ՝ ճանաչվելով ակումբի լավագույն խաղացող։

Transfermarkt-ը Էդեգորի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։




Լրահոս