ՔՊ-ՈՒՄ ԽՈՒՃԱՊՆ ԱՆՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների եւ փողոցներ փակելու մասին: Ուժայինների զեկույցների հիման վրա արված իրավիճակի գնահատումից հետո ՔՊ-ականները հանդարտվել են, եւ խուճապն անցել է: ՀՀ ոստիկանությունից ՔՊ-ին զեկուցվել է, որ գնալով շարժումը մարում է։ Ըստ ուժային կառույցների ներկայացրած վիճակագրության՝ շարժումը մարում է, քանի որ առաջնորդները հստակ գործողություններ չեն իրականացնում, ինչը դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ: Սա է պատճառը, որ վերջին օրերին՝ մի քանի օրվա լռությունից հետո, ՔՊ-ական որոշ գործիչներ սկսել են հայտնվել ֆեյսբուքյան ստատուսների եւ հայտարարությունների մակարդակով: ՔՊ-ականները ոգեւորվել են այդ լուրից եւ ընդդիմադիրներին թիրախավորում եւ քննադատում են այն բանի համար, որ իրենք, փողոցից գալով, հասել են իշխանության, իսկ ընդդիմադիրների կազմակերպած հավաքները ինչպես արագ կազմակերպվում են, նույնքան արագ էլ ցրվում են։ Կարճ ասած, ՔՊ-ականները վստահ են, որ այս անգամ եւս ընդդիմությանը չհաջողվեց իշխանությունը վերցնել: Հիշեցնենք, որ այս նույն ՔՊ-ականները Երեւանի ավագանու ընտրություններին եւս վստահություն ունեին, որ 50%+ ձայն կստանան, սակայն ստացան 32,57%, ու մինչ օրս Երեւանը նոր քաղաքապետ չունի:

 

 

 

 

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Հայոց լեզվի 5-րդ դասարանի դասագրքի կազմը. նախկին դասագրքի կազմը փոփոխված է, եւ, Հայաստանի դրոշի փոխարեն, ադրբեջանական դրոշի գույներով է պատկերված կազմը: ԿԳՄՍ նախարարությունը շրջող խոսակցություններից հետո ներկայացրել է համապատասխան պարզաբանում՝ նշելով, որ դա ապատեղեկատվություն է. «Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը, որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել եւ առաքվել է դպրոցներ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ մինչեւ 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է: Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբեւէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար: Համացանցում շրջանառվող լուրերը, թե նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են եւ աղերս չունեն իրականության հետ»: Կարծես թե, Մայրենիի դասագրքերի հետ թեման ավարտված է, սակայն ծնողներից շատերը բողոքում են նաեւ Մայրենիի նոր դասագրքերի բովանդակությունից՝ նշելով, որ դրանք երեխաներին սովորեցնում են, որ «զոքանչի համար փեսայի տված խորտիկն ուտելը ծանր է»: Մեկ այլ առիթ են Հայոց պատմության նոր դասագրքերը, որոնք աղավաղում են հայկական դեմքն ու հարցականի տակ դնում հայի ով լինելը։ 2014 թվականի Հայոց պատմության դասագրքերում գրված էր. «…հայերը հայկական լեռնաշխարհի բնիկ տերերն ու ժառանգորդներն են»: Նոր՝ փոփոխված եւ նախարարության կողմից հաստատված դասագրքերում հայի ով լինելու մասին մի քանի տեսություններ կան, որոնցից մեկը հետեւյալն է. «Բալկանյան տեսության համաձայն՝ հայերի նախնիներն են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռուգյացի գաղութարարները»: Այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն դասագրքերի տպագրությունը ձախողելուց հետո փորձում է նոր չափորոշիչներով տպագրված գրքերում փոխել նաեւ հայերի ծագումնաբանությունը։ Նշենք նաեւ, որ, ըստ մեր աղբյուրների, դպրոցներում 5-րդ դասարանի ռուսերենի նոր դասագիրք չի լինելու, սակայն նախարարությունից առիթը բաց չեն թողնում ամեն անգամ նշելու, թե բոլոր դասագրքերը 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում մինչեւ սեպտեմբերի վերջ լինելու են։ Սեպտեմբերի գրեթե վերջն է, սակայն նախարարությունը չի էլ նկատում, որ նոր դասագրքերի տպագրությունն իսկապես ձախողված է։ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանրային բարձր քննարկման արժանացած թեմաների վերաբերյալ կանչում է բոլոր ՔՊ-ական պատասխանատու անձանց, բայց ոչ իր կնոջը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, կամ նրա տեղակալներից որեւէ մեկին: Այդպես էլ Հանրայինը պատասխանատուներից չպահանջեց բացատրել, թե ինչու սեպտեմբերի կեսին նոր հասկանալի դարձավ, որ որոշ առարկաներ աշակերտները նախորդ տարիների գրքերով են սովորելու:

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ,որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որեւէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան ներկայացրել են տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել: Իրականում Աղազարյանը եւս հայհոյել է եւ առանց ամաչելու ստել է քննիչին, փաստացի կեղծ ցուցմունք է տվել։ Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ  հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթեւ Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։ Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, իրավապահները անմիջապես գործի անցան ու զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումն է։

 

 

 

 

ՔՊ-ականների ընդհանուր «չատն» այս օրերին ակտիվացել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գերլարված օրերին իշխանականներն առավել հաճախ են սկսել հրահանգներ ստանալ վերեւից, թե ամեն քայլափոխի ինչ խոսեն, ինչ գրառում անեն կամ իրենց հարցազրույցներում ինչ խոսեն: ՔՊ-ականներին, մասնավորապես, հրահանգվել է ամեն քայլ անել թիմի հետ համաձայնեցված, առանց թիմի հետ քննարկելու ավելորդ բաներ չխոսել, որպեսզի հանրության՝ առանց այն էլ պրկված տրամադրություններն առավել չսրվեն, ու դժգոհության մեծ ալիքն իրենց նկատմամբ ավելի չմեծանա: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, ՔՊ-ականներին նաեւ հրահանգվել է այս օրերին գործել սինքրոն. ինչ-որ նոր թեմա են դաշտ նետում ու սկսում են ամբողջ թիմով նույն մոտիվներով գրառումներ ու հայտարարություններ անել, որպեսզի իրենց թեզերը համոզիչ լինեն հանրության համար: Սրա մասին է փաստում նաեւ վերջին օրերին իշխանականների պահվածքը սոցցանցերում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում սուր հակառուսական մոտիվներով որեւէ հայտարարություն է անում կամ էլ իրեն հռչակում է Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի «առաջամարտիկ», դրանից հետո ՔՊ-ականները սկսում են մեկ մարդու պես «վերեւից» գրված ու ուղարկված նույնաբովանդակ տեքստը «քոփի» անել ու դնել իրենց էջում՝ առանց իրենց սեփական կարծիքն արտահայտելու՝ իբրեւ համոզիչ փաստարկ Նիկոլ Փաշինյանի ասածներին: Այս ողջ գործընթացն էլ ամենայն խստությամբ հետեւում է ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպեսզի թիմակիցներն ավելորդ բաներ չխոսեն ու կատարեն հրահանգները:

 




Լրահոս