ԵՐԵՎԱՆԸ՝ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին տեղի ուենցած Երեւանի ավագանու ընտրություններից հետո փակուղային իրավիճակ է ստեղծվել:

 

Ընտրության արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ, սակայն նրանցից որեւէ մեկը 50 եւ ավել ձայն չի հավաքել, որպեսզի կարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորի. արդյունքում արդեն մեկ շաբաթ է՝ Երեւանը քաղաքապետ չունի:

Անհրաժեշտ է լինելու կոալիցիաներ կազմել, կամ պետք է նոր արտահերթ ընտրություններ լինեն:

Ըստ նախնական հաշվարկների՝ Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այն կվարի ավագանու անդամներից ամենատարեցը, եւ անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը կընտրեն Երեւանի քաղաքապետին։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ՝ մանդատները բաշխվել են հետեւալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ

«Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ

«Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:

-Տիկի՛ն Խաչատրյան, ավագանի անցած մյուս քաղաքական ուժերի հետ քննարկումներ արդեն սկսե՞լ եք՝ ընտրությունների հետ կապված. ի՞նչ որոշում ունեք:

-Քննարկումներ դեռ չենք սկսել, որոշում էլ չունենք, դեռ ժամանակ կա, քննարկում կանենք:

-Շատ է քննարկվում կոալիցիաներ ձեւավորելու հարցը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Հանրապետություն»-ը եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մտադիր են կոալիցիա կազմելու ճանապարհով գնալ: Ի՞նչ կասեք այս մասին, իշխող ուժի հետ այս հարցով քննարկում ունեցե՞լ եք:

-Նման քննարկում առհասարակ չենք ունեցել ոչ՛ ներկուսակցական, ոչ էլ այլ ուժերի հետ, դրա համար էլ ոչինչ չեմ կարող ասել:

-Ձեր ուժն, ամեն դեպքում, ո՞ր տարբերակին է հակված՝ գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհո՞վ, թե՞ կոալիցիա կազմել։

-Ես չեմ կարող ասել՝ ինչ տարբերակով կգնանք, բայց այս պահին այս իրավիճակում, համենայնդեպս, նոր արտահերթ ընտրություններ չեմ պատկերացնում:

-Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում քաղաքապետ պետք է ընտրի ավագանին. կրկին առաջադրելու՞ եք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

-Մենք քննարկում չենք ունեցել, չգիտենք դեռ, պետք է քննարկենք, հասկանանք:

-Ստացվում է՝ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Երեւանը քաղաքապետ չունի՝ չնայած նրան, որ հազարավոր խնդիրներ կան քաղաքում:

-Բնականաբար, դա հասկանում ենք, քաղաքը պետք է ղեկավար ունենա, առաջիկայում կորոշվի այդ հարցը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի կժամանեն Հայաստան. հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Սպասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի եւ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը։

«Փաուերը կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ եւ կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը»,- ասել է պաշտոնյան:

Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, որը կայցելի Հայաստան եւ կվերահաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ, ինչպես նաեւ «խորը մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ եւ կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը լուծելու միջոցները»:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով եւ կոչ է անում թույլ տալ անարգել մուտք գործել միջազգային մարդասիրական կազմակերպություններին եւ առեւտրային տրանսպորտին»,- ասել է պաշտոնյան:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵՑ ՍԵՆԱՏՈՐԻՆ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Գերի Փիթերսի եւ մի շարք այլ սենատորների` Սենատի քննարկմանը ներկայացված երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտի նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի: Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցող ելույթի համար՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում անչափ կարեւոր է միջազգային գործընկերների արդյունավետ եւ հստակ քայլերի հրատապությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները: Սենատորը տեղեկատվություն է տրամադրել Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր իրականացրած այցից: Նա դատապարտել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին: Գերի Փիթերսը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

 

 

 

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայտնի են այս տարվա առաջին կիսամյակի բյուջեի կատարման ցուցանիշները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 11.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ` պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով:

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտներն աճել են 18.1 տոկոսով կամ 177.9 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված հարկային եկամուտների աճով:

Պետական բյուջեի ծախսերն աճել են 12.7 տոկոսով կամ 116.0 մլրդ դրամով, ընդ որում` 12.1 տոկոսով` 98.6 մլրդ դրամով, աճել են ընթացիկ ծախսերը, 18 տոկոսով` 17.4 մլրդ դրամով` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

Արտաքին աղբյուրներից ստացվել են շուրջ 4.1 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով առաջին կիսամյակի համար ծրագրված մուտքերի 48 տոկոսը եւ 6.6 տոկոսով կամ 291.1 մլն դրամով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Իվանյանում ավարտվել են Ադրբեջանի պատգամավոր Ռամին Մամեդովի մասնակցությամբ  հերթական բանակցությունները Արցախի հայերի ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները  նշում են, որ այս տարվա մարտին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ռամին Մամեդովը նշանակվել էր Արցախում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։ Հանդիպման ավարտից հետո դեռ ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ առաջին բանակցությունները կայացել են սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։

 

 




Լրահոս