ԱԱԾ-ում քննարկվում է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոց ընտրելու հարցը։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին տարել են ԱԱԾ եւ բռնի կերպով իշխանության յուրացման համար ձերբակալել են։ Այս պահին նա ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահման վայրում է։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Բազեյանի տուն գնացել է ԱԱԾ երկու մեքենա, որից հետո սկսել են տունը խուզարկել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս բնակարանից տարել են որսորդական զենքը, Վազգեն Աարգսյանի կողմից պարգեւատրած զենքը ու մեկ համակարգիչ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ալբերտ Բազեյանն ԱԱԾ-ում ասել է, որ ինքն այս պահից հացադուլ է հայտարարում, նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը պետք է այսօրվա հանրահավաքին ելույթ ունենար։
Հավելենք, որ խուզարկության ժամանակ անգամ Բազեյանի որդուն թույլ չեն տվել ներս մտնել: Հանցագործության մասին հաղորդում տալուց հետո նոր փաստաբաններին են թույլ տվել մտնել տուն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը Հանրապետության հրապարակում զրուցել էր Ալբերտ Բազեյանի հետ:
Մեր հրապարակումից հետո ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնեց, որ նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաեւ Ա.Բ-ն եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:
Հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը. նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը գնացել է հիվանդանոց եւ հարցաքննել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ հետաքրքրվելով, թե ով է հարվածել իրեն, եւ ինչպես է եղել դեպքը։ Ուշագրավն այն է, որ քննությունն ընթանում է ոստիկանի կողմից ոչ թե պատգամավորին ծեծի ենթարկելու հիմքով, այլ ընդամենը քաղաքացուն ծեծի ենթարկելու հատկանիշներով, ու մինչ օրս Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանին չեն գտել։
Նկատենք, որ երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողն ընդամենը հայհոյել էր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, Քննչական կոմիտեն խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել ՔՊ-ական պատգամավորի դեմ խուլիգանական գործողություններ անելու համար ու զինվորի հորը կալանավորել։ Հերթական անգամ իրավապահ մարմինները ցույց են տալիս, թե ինչպես են ընտրովի արդարադատություն իրականացնում։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Պարզվել են զինծառայողների նկատմամբ վերադասի կողմից բռնություն գործադրելու, ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել է, որ կոչումով լեյտենանտ զինծառայողը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար, պատասխանատու լինելով վաշտի անձնակազմի զինվորական կարգապահության եւ բարոյահոգեբանական վիճակի համար, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու նկատմամբ դրսեւորել է ՀՀ ԶՈւ ներքին ծառայողական կանոնագրքի դրույթներին հակասող վարքագիծ:
Մասնավորապես՝ վերջինս շարքի դիմաց ներկա գտնվող ծառայակիցների ներկայությամբ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է կատարել մարտական հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնող զինծառայողի հասցեին, ինչի հետեւանքով 2023թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի կրակային դիրքի հարակից տարածքում՝ խրամբջիջներից մեկում, զինծառայող Ալեքս Ավանեսյանն իրեն ամրակցված գնդացրից կրակոց է արձակել իր գլխի ճակատային հատվածին եւ ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից մահացել։ Բացի այդ, վաշտի հրամանատարը այլ զինծառայողների ներկայությամբ բռնություն է գործադրել մեկ այլ զինծառայողի նկատմամբ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
ՏՂԱՄԱՐԴԸ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղին կից գտնվող տրանսֆորմատորային ենթակայանը սնուցող էլեկտրական հենասյան տակ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետն ու ոստիկանության Արթիկի բաժնի պետը։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները:
Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը Պեմզաշեն գյուղի բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Կիրակոսյանն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է էլեկտրահարվելու հետեւանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ ժամը 13։30-ի սահմաններում, «Վասիլ» ՍՊԸ-ի տնօրեն, Պեմզաշեն գյուղի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանի հրավերով Ռ. Կիրակոսյանը բարձրացել է նշված էլեկտրասյան վրա արտադրամասի խափանված էլեկտրական հոսանքի սնուցումը վերականգնելու նպատակով, որի ժամանակ էլ անզգուշաբար հոսանքահարվել եւ տեղում մահացել է։
Դեպքի փաստով Արթիկի եւ Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ՄԵՔԵՆԱՆ ՀՐԴԵՀՎԵԼ Է
Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի հարեւանությամբ, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Սեւանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 78-ամյա Վիկտոր Կրեչինին պատկանող Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայում։
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա փակել գազաբալոնի փականը։
Այրվել է սրահն ամբողջությամբ, վնասվել է առջեւի դիմապակին, կողային ապակիները, եւ մասամբ ջերմահարվել է շարժիչի հատվածը։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։