«Ժողովուրդ» օրաթերթին ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ համացանցում շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են եւ աղերս չունեն իրականության հետ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից նշում են՝ կազմի գունաշարը ոչ մի առնչություն չունի որեւէ երկրի դրոշի հետ, եւ նմանեցման միտում երբեւէ չի դրվել ու չէր էլ կարող դրվել այդպիսի պարզունակ ճանապարհով:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն) առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ մինչեւ 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է:
«Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am, հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբեւէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հորդորում են չտրվել անհարկի մանիպուլյացիաներին եւ որեւէ տեղեկատվություն տարածելուց առաջ դրա իսկությունը ստուգել պաշտոնական հարթակներում:
«Համացանցում տարածված «Մայրենի-5» դասագիրքը որեւէ առնչություն չունի նոր հաստատված դասագրքերի հետ։ «Մայրենի» առարկան տվյալ գրքով հանրակրթական դպրոցներում դասավանդվել է 2006 թվականից, իսկ շրջանառվող կազմով տարբերակը տպագրվել է սահմանափակ քանակով. կոմերցիոն նպատակով վերատպվել է 2019 թվականին, երբ, առաջնորդվելով աշակերտների հարմարավետության սկզբունքով, դասագրքերը կիսվել են 2 մասի: Ավելին՝ տվյալ դասագիրքը այս տարի արդեն դուրս է եկել շրջանառությունից»,-նշված է «Էդիթ Պրինտ» հրատարակչություն պարզաբանման մեջ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում օգտատերերը տարածում են «Մայրենի 5»-ի երկու դասագիրք, որոնցից մեկի վրա պատկերված է հայկական դրոշ, մյուսի վրա նույն տեղում ադրբեջանական դրոշի գույներն են։ Թեմային անդրադարձել է նաեւ մամուլը: