Հոկտեմբերի 10-ին նախատեսված է Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի Երեւանի նոր քաղաքապետ, քանի որ որեւէ ուժ չի ստացել 50%+1 ձայն: Նշենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, եթե որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։ Ըստ օրենքի՝ եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք, եւ արդյոք կառաջադրեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման իրավիճակում մեր կուսակցությունը համենայնդեպս մոտակա մեկ շաբաթը չի կարող որեւէ հայտարարություն անել, քանի որ այդ մասով որեւէ քննարկում չունենք: Երբ գա հոկտեմբերի 10-ը, դրանից 1-2 օր առաջ կանենք քաղխորհրդի նիստ, կորոշենք»: «Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր առաջին դեմքի՝ Հայկ Մարությանի հետ գտնվում է ընդհատակում՝ որեւէ կերպ չարձագանքելով զանգերին: Նույն իրավիճակում է նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, սակայն հրապարակային ելույթներում, կարծես թե, նրա դիրքորոշումը՝ իշխող քաղաքական ուժի հետ կապված, պարզ է. հավելյալ մանրամասներ նրանց կողմից հայտնի չէ: «Հանրային ձայն» կուսակցությունից Տիգրան Ուլիխանյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս շարունակում է լռելյայն ապրել. նրանց էլ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու է: Թե ինչ ճակատագիր կունենա Երեւանը, դեռեւս մնում է անհայտ. անհայտությունը կարծես դուր է գալիս նաեւ ավագանու անդամներին:
Կնյազ Հասանով անունով ԱԺ պատգամավոր կա ՀՀ Ազգային ժողովում, որը ՀՀԿ ժամանակներից իշխանության մեջ գործում է, հանգիստ աշխատում՝ իբրեւ քուրդ ժողովրդի ներկայացուցիչ: Հասանովը, որ ապրում է Աբովյան քաղաքում, նաեւ Ազգային ժողովի բյուջեից բնակարանի վարձավճարի փոխհատուցում է ստանում: Հիշեցնենք, որ Կնյազ Հասանովը ԱԺ ամենաավագ պատգամավորն է, որը Հայաստանի քրդական համայնքի ղեկավարն է, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահը, սակայն երբեք կամ խիստ հազվադեպ է խորհրդարանի ամբիոնից կամ առհասարակ խոսել քրդական համայնքի խնդիրներից: Նա թոշակառուի կարգավիճակով մասնակցում է ԱԺ նիստերին, քվեարկում, ստանում իր ներկան, աշխատավարձը, պատգամավորի համար նախատեսված ներկայացուցչական գումարը՝ 250 հազար դրամը, եւ, դրանից բացի, նաեւ ստանում է փոհատուցում ԱԺ բյուջեից վարձով բնակվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնել են, որ Կնյազ Հասանովը, այո՛, 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում: Իրականում Կնյազ Հասանովը բնակվում է իր տանը՝ Աբովյան քաղաքում, որտեղից մայրաքաղաք Երեւան հասնելը ավելի հեշտ է եւ արագ, քան, օրինակ, Նոր-Նորքի 9-րդ զանգվածից կամ Երեւանի Հաղթանակ թաղամասից: Այս բարեխղճությամբ ՀՀԿ խմբակցությունից՝ «Իմ քայլը», ապա «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցություններ տեղափոխված տարեց պատգամավորը աշխատում է ՀՀ-ում, ավելին՝ երիտասարդ խորհրդարանականների հետ քննարկում է հարցեր, թե ինչպես էին «նախկինները թալանում երկիրը»: Իրենք, սակայն, բյուջեն մսխում են անթաքույց, առանց վատ զգալու:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են նիստեր գումարել։ Հոկտեմբերի 3-ին գումարվելու են ԱԺ լիագումար նիստերը, եւ հանձնաժողովներում քննարկված նախագծերն արդեն կքննարկվեն այնտեղ։ Այս նստաշրջանում թերեւս բուռն քննարկման է ենթարկվելու 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ, կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունն ընդունելու վերաբերյալ հարցը։ Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նախագիծը մինչեւ լիագումար նիստում քննարկվելը կքննարկվի նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այդ նույն նիստում մեկ այլ հետաքրքիր նախագիծ էլ է քննարկվելու, որով կառավարությունն առաջարկում է ընդունել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ։ Այսինքն՝ այսուհետ վարչապետն է որոշելու այդ կարգն ու օգտվելու կանոնները։ Մեկ այլ նախագծով էլ կառավարությունն առաջարկում է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորներին տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով: Այս որոշումը կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Իրավապահ համակարգում խառնաշփոթ է։ Սեպտեմբերի 19-ից մայրաքաղաք Երեւանում բողոքի ակցիաները իրարանցում են ստեղծել իրավապահ համակարգում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները այնքան են տարված եղել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված, կալանավորված անձանց գործերով, որ մոռացել են ընթացիկ քրեական գործերը, վերջին րոպեներին են մտել դատարաններ այլ գործերով անազատության մեջ գտնվող անձանց կալանքը երկարացնելու հարցով։ Ավելին՝ որոշ դատարաններում անգամ դատական նիստերը չեն կայացել, քանի որ կալանավորներին չեն տարել դատարան՝ պատճառաբանելով, թե ուղեկցող ոստիկաններ չկան, քանի որ ոստիկանները տարված են եղել քաղաքացիներին բերման ենթարկելով, ժամանակ չի եղել կալանավորներով զբաղվելու: