ՍՄԻԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆԱԽԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հետագա վայրագությունները եւ էթնիկ զտումները։

 

Սմիթի ներկայացրած օրինագիծը կոչվում է «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների եւ վայրագությունների կանխարգելման 2023 թ. ակտ» եւ Պետքարտուղարությունից պահանջում է մանրակրկիտ ռազմավարություն մշակել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի համար տեւական խաղաղությանը եւ բարեկեցությանը։ Օրինագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝

-ԱՄՆ դիվանագետներ ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը վերահսկելու եւ հետագա ոտնձգությունների մասին անհապաղ հայտնելու համար,

– 24-ժամյա տեսադիտարկում իրականացնել հայկական մշակութային վայրերում,

-մարդասիրական օգնություն տրամադրել շրջափակումից եւ Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումից տուժած հայերին,

-Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու ԼՂ դեմ հարձակումը գլխավորած պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել,

-օտարերկրյա ռազմական ֆինանսավորում տրամադրել ժողովրդավարական Հայաստանի ??Հանրապետությանը, որին այժմ սպառնում է Ադրբեջանը,

– դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը՝ չեղյալ հայտարարելով Ազատության աջակցության բանաձեւի 907-րդ ենթաբաժնից հրաժարվելու՝ նախագահի լիազորությունը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է… Ցավոք, նրանք ստիպված եղան զինաթափվել եւ իրենց անկախությունը հանձնել անողոք բռնապետին, որի կառավարությունը տարիների ընթացքում բազմիցս սարսափելի ոտնձգություններ է կատարել նրանց նկատմամբ, ցանկություն է հայտնել էթնիկ զտումներ իրականացնել նրանց դեմ եւ նույնիսկ նախաձեռնել է ցեղասպանություն՝ սովամահությամբ, շրջափակելով Լաչինի միջանցքը։ Մենք պետք է աշխատենք նրանց հետ՝ ապահովելու, որ անցումային շրջանում տեղի չունենան շարունակական վայրագություններ», – նշել է միջազգայնորեն ճանաչված իրավապաշտպան Քրիս Սմիթը։

Սմիթը վերջին ընթացքում Կոնգրեսում նախագահել է մի շարք լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ծանր վիճակին։

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, ինչպես միշտ, բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում։ Իմ օրինագիծը որոշակի թեթեւացում կբերի եւ կխրախուսի Բայդենի վարչակազմին գործել հիմա՝ տարածաշրջանում անմեղ կյանքեր փրկելու համար», – ասել է Սմիթը:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր էջում գրառում է արել ու հայտնել, որ պատրաստ են հրատապ օգնության միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

«Լեռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»,- գրել է նա:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ

Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչին բժշկական միջանցք տրամադրել։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Բաքվում որպես Ստեփանակերտի պայթյունից տուժածների՝ դեպի Հայաստան դուրսբերման ուղի են դիտարկում 2020 թվականից հետո կառուցված Շուշի-Ֆիզուլի ճանապարհը։

«Այժմ մենք աշխատում ենք բացառության կարգով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին բժշկական տարհանման եւ օգնություն ցուցաբերելու համար Գորիս-Կապան-էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհից օգտվելու իրավունք տրամադրելու ուղղությամբ»,- գրել է Հաջիեւը։

 

 

 

ՎՐԱՍՏԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետեւանքով Հայաստան տեղափոխված հայերի՝ ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ. հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը եւ դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները հատկապես Լեռնային Ղարաբաղի եւ հայ ժողովրդի համար այս ծանր պահին»,- ասված է դեսպանության Facebook-ի էջում։

 

 

ԿՔՆՆԱՐԿՎԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում։

Նշենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

Այս հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո հարցը կքննարկվի արդեն լիագումար նիստում։

 

 

 

ՄԻՊ-Ն ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գորիսում եւ Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:

Պաշտպանը տեղում իրականացնում է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Գորիս համայնքում տեղակայված գրանցման կետում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման եւ կացարանով ապահովման հետ կապված հարցերը: Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ, եւ տրվել են անհրաժեշտ լուծումներ:

Բռնի տեղահանված անձանց տրվել է նաեւ խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ Մանասյանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակերում լինել հետեւողական եւ այս համատեքստում նշել է, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ ուշադրության ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը:

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:

Գորիսում տեղի է ունեցել նաեւ Պաշտպանի եւ Սյունիքի մարզպետի հանդիպումը: Ռոբերտ Ղուկասյանն Անահիտ Մանասյանին ներկայացրել է բռնի տեղահանվածներին ընդունելու առնչությամբ մարզում իրականացվող աշխատանքները: Պաշտպանը նշել է, որ այդ անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Հանդիպում է անցկացվել նաեւ պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետեւել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:

Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

 

 

 




Լրահոս