ՀԱՍԱՆԵԼԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախատեսվում է մոտ ժամանակներս  մեկտեղել ջանքերը եւ առավել արդյունավետ դարձնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: Այդ նպատակով տեղի է ունեցել հանդիպում կրթական ոլորտի ներկայացուցիչների միջեւ:

 

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում, եւ միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:

«Մենք պետք է հետեւողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները դուրս չմնան ուսումնական գործընթացից եւ իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը: Բոլորս ակտիվ ներգրավված պետք է լինենք այս աշխատանքներում եւ իրազեկված՝ ինչ խնդիրների են նրանք բախվում»,- ասել նախարարը՝ անդրադառնալով նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին նմանօրինակ ընտանիքներին՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն, փորձում էին լուծումներ գտնել:

Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍՆ-ն շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին եւ առաջարկել իրենց ջանքերն ուղղել բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը. «Առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին եւ աշխատակիցներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ձեւավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական եւ այլ կարգի աջակցությունից մինչեւ մասնագիտական աշխատանքներ»:

Նաեւ  առաջարկվել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն կունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին: Մասնավորապես՝ դպրոցներում առկա ուսուցիչների թափուր աշխատատեղերի բոլոր հայտարարությունները հրապարակված են ԿԳՄՍ նախարարության կայքում:

Պետք է ընդգծել նաեւ հոգեբանական աջակցության ծրագրեր իրականացնելու կարեւորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, հատկապես՝ երեխաները, այս պահին ամենաշատը դրանց կարիքն ունեն:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ծրագրեր, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին եւ այլն։

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով՝ աշխատանքային այցի շրջանակներում Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահները հանդիպում են ունեցել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Ստորագրվել է 3 համաձայնագիր, որից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ Կարս-Նախիջեւան երկաթուղու նախագծին»։

Այցի շրջանակներում Նախիջեւանում է գտնվում նաեւ Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օժասեկը, որն Ադրբեջանի քաղաքաշինության եւ ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիեւի հետ ստորագրել է «Թուրքիայի Հանրապետության կառավարության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջեւ Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ.՝ Մարաշ) նահանգում բնակելի շենքերի, մանկապարտեզների, հիմնական դպրոցների եւ մշակութային կենտրոնի կառուցման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր»։

 

 

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ

Նախիջեւանի եւ Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային եւ երկաթուղային ուղիղ կապերի հաստատումն ավելի կամրապնդի մեր հարաբերությունները։ Այս մասին Նախիջեւանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում են լրատվամիջոցները։

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս միջանցքը (Զանգեզուրի միջանցք) հնարավորինս արագ բացելու համար։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շատ կարեւոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում եւ պետք է ավարտին հասցվի։

Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենաներն ու գնացքներն անմիջապես կհասնեն Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունն է՛լ ավելի կամրապնդվի: Ուրախալի է, որ այս առումով դրական ազդակներ են գալիս նաեւ Իրանից»,- ասել է Էրդողանը։

 

 

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջեւանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում նշել է. «Մենք Հայաստանից ակնկալում ենք ոչ թե հետաձգել գործընթացը, այլ ամուր կամք դրսեւորել։ Այս ակնկալիքի  մասին ես ասել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ»։

Նախագահը նաեւ խոսել է հնարավոր քայլերի մասին, որոնք ուղղված են լինելու Զանգեզուրի միջանցքի բացմանը: «Մենք չենք տեսնում որեւէ խնդիր, որը չի լուծվի՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ բարիդրացիության իրավունքը։ Ադրբեջանահայկական գործընթացում առաջընթացի ապահովումը մեծապես կնպաստի տարածաշրջանի կարգավորմանը։ Մենք կշարունակենք աշխատել միասին՝ Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն եւ բարգավաճում հաստատելու համար»,- նշել է Էրդողանը։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Դիլիջանի համայնքապետարանի շենքի հարեւանությամբ՝ ոստիկանության Դիլիջանի բաժանմունքի դիմաց՝ «Ծիրան», «Նյու Սիթի» հանրախանութների, կենտրոնական դեղատան, «VivaCell»-ի գրասենյակի հատվածում, ՀՀ ոստիկանությունը դարձրել է «Տուգանային հրապարակ»՝ վթարներից ջարդված մեքենաներով, նաեւ կենտրոնական ճանապարհին երկկողմանի կայանած բազում ավտոմեքենաները խոչընդոտում են երթեւեկությանը։ Դիլիջան  քաղաքի կենտրոնական հատվածում՝ ASHB բանկի դիմաց, ոմն Մակարյան սեփականատեր (ոչ պաշտոնական տվյալներով), անտեսելով Գեոդեզիայի ազգային ինստիտուտի մասնագետների խորհուրդը եւ հետազոտության արդյունքները, հողային աշխատանքներ է իրականացրել եւ շարունակում է իրականացնել, որի հետեւանքով խաթարվել է երթեւեկությունը, ստեղծել է վթարային իրավիճակ: Դիլիջան քաղաքի Վասիլեւ եւ Կամոյի փողոցները կապող կամուրջը, որը գտնվում է նախկին տպարանի շենքի դիմաց, գտնվում է վթարային վիճակում, կամրջի հենապատը  փլվել է, կա կամրջի ամբողջովին փլուզման վտանգ։ 2021թ. փետրվարի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար  նշանակված, նույն թվականի հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններով ձեւավորված ավագանու կողմից Դիլիջան  խոշոր համայնքի ղեկավար ընտրված Դավիթ Սարգսյանին տեղեկատվական հարցում ենք  ուղարկել՝ նրան հարցնելով, թե Դիլիջանի համաքապետարանը երբ է լուծելու վերոհիշյալ՝ Դիլիջան քաղաքի համար կարեւոր հիմնախնդիրները։ Թեեւ  հարցումից գրեթե 20 օր է անցել, սակայն համայնքապետարանը չի պատասխանել  օրաթերթի  հարցադրումներին։

 

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ՄԱՐԶՊԵՏԸ

Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները 2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ իրենց աշխատանքում, չգիտեմ, թե ինչ նվաճումների համար ՀՀ  պետական բյուջեից ավելի 50 միլիոն դրամ պարգեւավճարներ են ստացել, սակայն 3 տարի առաջ տեղի ունեցած  պատերազմում  Տավուշի  մարզից զոհերի, վիրավորների, անհետ կորածների թիվը  մարզպետարանում չգիտեն։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմում Տավուշի մարզի քանի բնակիչ է զոհվել, վիրավորվել, անհետ կորել։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «2020թ. սեպտեմբերյան պատերազմում զոհված, անհետ կորած, վիրավորված զինծառայողների մասով ՀՀ Տավուշի մարզպետարանին հաշվառում իրականացնելու գործառույթ վերապահված չէ։ Առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմին»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս