«ՔՈՉԱՐԻ» ՊԱՐԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական մշակույթը, դարերի պատմություն ունենալով, այժմ կանգնած է վտանգի առջեւ։ Մի քանի օր է, ինչ հայկական «Քոչարի» պարը բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել հարեւան պետության կողմից։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է պարի ծագումնաբանությունը:

«Քոչարի» պարը ծնունդ է առել Արեւմտյան Հայաստանում։ Քոչարի բառը ծագել է «քոչ-ղոչ-խոյ» տառադարձության արդյունքում։

«Քոչ» արմատը բացատրվում է մի քանի իմաստով՝

  1. քոչ/գոչ – կոչ անել, իրար կանչել,
  2. քոշ – արու այծ:

Խոյի պաշտամունքից է առաջացել այս մեծ մշակութային երեւույթը։ Քոչարի պարը կապված է խոյահարող կենդանիների հետ, քանի որ պարային շարժումները համապատասխանում են խոյերի շարժումներին։

Ժամանակին մի շարք բնակավայրերում տղամարդ օծելու արարողության մի մաս էր կազմում «Քոչարի» պարը։ Երբ տղամարդը մեծացել էր, եւ մորուքը սափրելու ժամանակն էր եկել, այրօծում են կատարել։

Կանչել են այդ տղամարդուն, խրատներ ու խորհուրդներ են տվել, համայնքի խնդիրներին են ծանոթացրել։ Երբ հասկացել են, որ երիտասարդը կայացել է, եւ նրա վրա կարելի է հույս դնել, նրան ասել են. «Գնա՛, կանգնի՛ր շարք եւ պարի՛ր Քոչարի»։

Պարույր Սեւակը եւ մի շարք մտավորականներ 1868 թվականին «Սովետական արվեստ» խմբագրատանը բանավիճել են «Ո՞ւր է գնում հայկական պարարվեստը» թեմայի շուրջ։

Պարույր Սեւակն ասել է. «Հայկական եւ ադրբեջանական պարերը ոչ թե նման են իրար, այլ պարզապես երկվորյակներ են, որովհետեւ նրանցից եւ ոչ մեկը իրական ազգային չէ»։

Գագիկ Գինոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Պիտի շատ պարել մեր ազգային պարերը եւ տարածել ու սերմանել սերունդների մեջ։ Մեր մշակույթին պետք է տեր կանգնենք, որ հենց գողանալու փորձ լինի, այդ ժամանակ ասենք՝ գողացան։ Ավելի շատ պիտի ուշադիր լինենք մեր մշակույթին եւ մշակույթի միջոցով մեր ինքնությանն ավելի ուշադիր դառնանք, արժանի լինենք այդ մշակույթին, կյանքի գնով փորձենք պահել մեր մշակույթը, որպեսզի մեզանից չտանեն։

Հույները եւս ունեն «Քոց արի» անվամբ պար։ Հույն պատմագետներից մեկն ասել է.

«Հույները, չնայած ունեն «Քոց արի» պարը, միեւնույն ժամանակ պնդում են, որ դա ունի հայկական ծագում»»։

Խոսելով ազգային պարերից` Գագիկ Գինոսյանն անդրադարձավ «Թամզարա» պարին.

«Թամզարա պարը չի կարող համարվել ադրբեջանական, քանի որ այդ գյուղաքաղաքը գտնվում է Արեւմտյան Հայաստանում՝ Կարինի, Էրզրումի եւ Փոքր Հայքի սահմանագլխին։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ գյուղաքաղաքը կառուցել է Թովմա Արծրունին, այդ իսկ պատճառով կոչվել է իր անվամբ։ Թամզարայում ի սկզբանե հայեր են ապրել, եւ ծիծաղելի կլինի, եթե դա չհամարվի հայկական»։

Ինչպես ասել է Կոմիտասը, «պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

 

 

 

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում նոր գրառում է կատարել:

«Հայաստանի Հանրապետությունը հինգ տարի է՝ ամբողջ ուժով գահավիժում է անդունդը։ Բոլորին մեղադրում են, բացի երկրի «գլխավոր» գերագույնից, որի բոլոր որոշումները բերեցին հանգեցրին պատերազմի։ Հանգեցրին հայրենազրկման, հանգեցրին ցեղասպանության, հանգեցրին բացարձակ ատելության իրար նկատմամբ, հանգեցրին բանտարկությունների, հերոսների հիշատակի պղծման, ոստիկանական երկրի վերածեցին, միայն բռնի ուժով իրենց ներքին քաղ. հարցերը լուծելու մղումից մոռացավ էն ժողովրդի պահանջը, որը ընտրել էր նրան՝ որպես երկրի գլուխ։ Հիմա մեղադրում են բոլորին, բացի հակահայ, թշնամու համար աշխատող, հային չսիրող ու միայն թուրքի ու ռուսի շահը պաշտպանող ղեկավարից։ Պահանջում եմ հրաժարական ՀՀ ներկայիս գործող կառավարության ու վարչապետի։ Անմեղ հայերի սպանդը ձեր մեղքով է։ Հազարավոր զինվորների թափած արյունը ձեր մեղքով է։ ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտումը ձեր մեղքով է։ Արցախի հանձնումը ձեր ստորագրությամբ ու մեղքով է։ Հայ ժողովրդին հինգ տարի անընդմեջ ցնցումների ենթարկելով տկարացնելն ու հուսահատեցնելը ձեր մեղքով է։ Բանակի կոտրված վիճակը ձեր մեղքով է։ Ժողովուրդն անընդհատ ինքնկազմակերպվում է՝ անելով բոլոր գործառույթները, որոնք պետք է աներ պետությունը, բայց քանի դեռ դուք եք երկրի ղեկին, մենք միայն կորցնում ենք, պարտվում, միայն մեռնում… Անընդհատ ու տարբեր մտածված վատությունների պատճառով Հայաստանն է հայաթափվում։ Ես պահանջում եմ ներկա կառավարության եւ ՀՀ դե ֆակտո վարչապետի հրաժարականը։ Ն. Փ.-ը Հայաստանի այս անվերջանալի անկման գլխավոր պատասխանատուն է ու պիտի հրաժարական տա։ Մահերի ու ողբերգությունների էս ընթացքը պիտի կանգնի, քանի դեռ շնչում ենք գոնե…», – գրել է նա։

 

 

 

ԵՐԱԺՇՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է.

«Դժոխքը տեսնել, զգալ, ապրել, մինչեւ հոգու խորքը ատել. էնքան ատել, որ ուժ տա. ուժեղանալ համբերատար, անձայն…., որ ապրենք:

Պետք է թշնամուն հետոյի վախով սնել…, որ հանգիստ չքնի, որ թմրի: Իսկ հիմա սիրտ չկա, երգ չկա»։

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած կոչով դիմել է միջազգային հանրության առաջնորդներին։

«10 ամսվա շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինված ուժերը դաժան հրետակոծության ենթարկեցին Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Հայաստան զանգվածաբար փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որն այժմ տառապանք է պատճառում մարդկանց Լեռնային Ղարաբաղում, հիշեցնում է պատմության ամենամութ ժամանակները։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների եւ համակենտրոնացման ճամբարների մութ էջերին եւ զղջում, որ ոչ ոք բավարար ջանք չի գործադրել այդ ամենը վերացնելու համար:

Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։

Այս սարսափի մեջ անհրաժեշտ է հրատապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով եւ միջազգային դիտորդների տեղակայում մարդկության դեմ ուղղված  հանցագործությունները դադարեցնելու համար:

Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ եւ օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։

Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք»։

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԻՆ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վերականգնվել է եւ մարզվել է իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։ Նա պատրաստ է առաջիկա հանդիպմանը. հաղորդում է Marca-ն։

Վինիսիուսը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսի 25-ից։ Անցած տուրում Արքայական թիմը 1:3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ռեալը» սեպտեմբերի 27-ին կընդունի «Լաս Պալմասին»։

 




Լրահոս