Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ասել է, որ բոլոր տարբերակները սեղանին են՝ արձագանքելով կանադացի օրենսդիրների՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերին։
Ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ նա նշել է, որ երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, իրենք միշտ ցանկանում են գործել այլ երկրների հետ միասին, քանի որ կարեւոր է ճնշում գործադրելը: «Պատժամիջոցների կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել… Մենք շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները։ Պետք է ապահովվի մարդասիրական պաշարների եւ օգնության ազատ տեղաշարժը, իսկ խաղաղ բնակիչները պետք է պաշտպանված լինեն»,-ասել է նա:
Ջոլին հավելել է, որ 2020 թվականի հրադադարի համաձայնագրում ներգրավված բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները՝ նշելով, որ նա այդ հարցերը բարձրացրել է միջազգային ատյաններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, անցյալ շաբաթ։
Նա ասել է, որ Կանադան վճռականորեն աջակցում է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանը` հավելելով, որ Օտտավան պարտավորվել է երկու փորձագետ ուղարկել Հայաստանում Եվրոպական միության նորաստեղծ առաքելությանը մասնակցելու:
Կանադացի օրենսդիրները Թրյուդոյի կառավարությանը կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ ի պատասխան անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղ վերջինիս ռազմական ներխուժման։
«Մենք գիտակցում ենք, որ Կանադան մեծ դեր չի խաղում այս [աշխարհագրական] տարածաշրջանում: Բայց սա այն է, ինչ մենք կարող ենք անել, սա այն է, ինչ կարող է անել Կանադայի կառավարությունը՝ արտահայտելու մեր մտահոգությունը, հայտնելու, որ մենք տեսնում ենք, որ թիրախ են դառնում քաղաքացիական անձինք»,- CBC News-ին ասել է կանադացի պատգամավոր Հիզեր Մաքֆերսոնը:
Անցյալ շաբաթ նա եւ իր գործընկեր Ալեքսանդր Բուլերիսը նամակ են գրել արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել:
«Ինչպես գիտեք, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Միայն դիվանագիտական ճնշումը եւ համապարփակ երկխոսությունը կհանգեցնեն տեւական լուծման»,- գրել են օրենսդիրները՝ հավելելով, որ կառավարությունը պետք է դիտարկի «նպատակային պատժամիջոցները Ադրբեջանի ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են տարածաշրջանում միջազգային իրավունքի խախտման եւ մարդու իրավունքների ոտնահարման համար»։
«Կանադայի պատժամիջոցների ռեժիմն ունի իր թերությունները,- ասել է պատգամավոր Ստեֆան Բերգերոնը Համայնքների պալատում բանավեճի ժամանակ,- բայց դա օտար կառավարությունների վրա ճնշում գործադրելու արդյունավետ միջոց է։ Ի՞նչի ենք սպասում, որ պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի դեմ ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ նրա անընդունելի պահվածքի համար»:
ԱՐՑԱԽԻՑ՝ ԵՐԵՎԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետեւանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան:
Մինչ երեկ ցամաքային եւ օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:
Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ եւ ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տեղափոխման գործընթացը դեռեւս շարունակվում է:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կորցրած զինվորների ցուցակը:
«Ներկայացնում ենք 2023 թվականի սեպտեմբերի 19-ից-20-ը հակահաբեկչական գործողությունների ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորականների լուսանկարները, նրանց անունները, ազգանունները, զինվորական կոչումը եւ ծննդյան տարեթիվը: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանի հանրապետությունը կորցրել է 192 զինվորական եւ ունի 512 վիրավոր», – ասված է հաղորդագրության մեջ:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՉԸ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը երեկ հայտարարել է միջազգային դիտորդական առաքելություն Արցախ հնարավորինս արագ ուղարկելու անհրաժեշտության մասին։
«Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն, եւ կարեւոր է, որ միջազգային հանրության աչքերն ու ականջները տեղում լինեն: Մեր գործընկերների հետ միասին մենք բոլոր ջանքերը կգործադրենք հնարավորինս շուտ դիտորդներ ուղարկելու համար»,- ասվում է Բերբոքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում։
Նրա խոսքով՝ Արցախում դեռեւս առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս։
«Ես որոշել եմ եւս մեկ անգամ զգալիորեն ավելացնել մեր մարդասիրական օգնությունը եւ հետագայում ավելացնել մեր ֆինանսավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 2-ից մինչեւ 5 միլիոն եվրո», – ավելացրել է Բուրբոքը:
ՊԵՍԿՈՎԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին Գորիս մեկնելու փորձի ժամանակ։
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել այս հարցի վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա, սակայն, դժվարացավ ասել, թե արդյոք Վարդանյանն այժմ Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ «Եթե նա դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա Ռուսաստանի Դաշնությունը կպաշտպանի նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը։
ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ՝ X-ի իր միկրոբլոգում Բերբոքը գրել է, որ հազարավոր երեխաներ, կանայք եւ տղամարդիկ Լեռնային Ղարաբաղում այնքան վախեցած են իրենց ֆիզիկական կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում, քան ճանապարհ ընկնել դեպի Հայաստան հաճախ միայն ամենաանհրաժեշտ իրերով եւ ամբողջովին լեփ-լեցուն մեքենաներով:
«Յուրաքանչյուր ժամ նրանց թիվն ավելանում է: Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպիսին է Լեռնային Ղարաբաղում մարդկանց վիճակը։ Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն եւ տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք հնարավորինս արագ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ։
Վստահության ապացույց առ այն, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության իր խոստումներին, կլիներ այն, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորդների ներկայությունը։
Գրեթե ամեն ինչ դեռ պակասում է։ Լաչինի միջանցքով օգնությունը չպետք է մարդկանց հասնի մաս-մաս, այլ հուսալիորեն եւ միշտ։ Ես որոշել եմ ԿԽՄԿ միջոցով մեր մարդասիրական օգնությունը 2-ից դարձնել 5 մլն եվրո»,- գրել է Անալենա Բերբոքը։