«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովում քննարկվել են «Զբոսաշրջության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները։
«Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին եւ սուբյեկտներին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական, մարդկային ռեսուրսների համաչափ զարգացմանը»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:
Նախարարը կարեւորել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց եւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակումը, պահանջների եւ չափանիշների սահմանումը, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց՝ իրավական դաշտում գործունեության ապահովումը, զբոսաշրջության բնագավառում քաղաքականություն մշակող մարմինների ազդեցությունների հստակեցումը, վերահսկողության մեխանիզմների ներդրումը, հյուրանոցային ծառայությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակի ապահովումը:
Վահան Քերոբյանն անդրադարձել է նաեւ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների կողմից իրենց գործունեության շրջանակում որակյալ ծառայությունների մատուցմանը, տեղեկատվության տրամադրմանը:
Նա խոսել է նաեւ զբոսաշրջային ավտոբուսների՝ անվտանգային եւ միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխանեցման մասին:
Նախարարը տեղեկացրել է, որ նշված խնդիրների կարգավորման նպատակով ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զբոսաշրջության ծառայություններ տրամադրելու պայմանները եւ վարահսկողության մեխանիզմները, սահմանվում են հստակ պահանջներով չափանիշներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում է այս բնագավառում կարգավորման շրջանակը Կառավարության պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, ներդրվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային եւ զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան:
Անդրադառնալով որակական չափանիշների բարելավմանը` Վահան Քերոբյանը նշել է, որ օրենքի նախագծով կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, կհստակեցվեն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները: Նախագծով նախատեսվում է նաեւ ներդնել զբոսաշրջային ավտոբուսներով ուղեւորափոխադրման որակավորման համակարգ:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը:
Պատգամավորներն օրենքի նախագծի վերաբերյալ հնչեցրել են հարցեր, արել առաջարկություններ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով՝ օրենսդրական փաթեթը հետաձգվել է երկու ամիս ժամանակով. կկազմակերպվի աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի հետ:
ՉԵԽԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
«Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց՝ հատկացնելով սնունդ, ապահովելով շարժունակության միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց համար եւ անվտանգ տարածքներ՝ երեխաների համար։ «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկանում է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությունից։
«Իրավիճակը ծայրահեղ ծանր է, սահմանին ավելանում է մարդկանց թիվը: Կան տարեցներ եւ փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ: Շատերն իրենց հետ վերցրել են միայն տարրական իրեր եւ չունեն համապատասխան հագուստ, սնունդ կամ հիգիենայի պարագաներ: Մենք հույսը դնում ենք մեր դոնորներից ստացվող միջոցների վրա՝ արձագանքելու քաղաքացիական բնակչության ընթացիկ կարիքներին», – հայտնել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Վարդուհի Դադունցը։
Կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը հանրությանը խնդրել է արձագանքել SOS Armenia արտակարգ կոչին՝ կատարելով նվիրատվություններ:
Իր հերթին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանի համակարգող Միխալ Զելբան հայտնել է, որ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվածներին աջակցությունը տրամադրվում է տեղի իշխանությունների միջոցով։ Այդ օգնությունը ներառում է նաեւ սնունդ, շարժասայլակներ։
Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ նախնական մարդասիրական օգնության տրամադրումը հնարավոր է եղել՝ շնորհիվ կազմակերպության «Ընկերների ակումբ» մարդասիրական հիմնադրամի միջոցներից հատկացված 40 հազար եվրոյի։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Հայաստանում մշտական առաքելություն ունի 2003 թ.-ից, իսկ առաջին մարդասիրական օգնությունը Հայաստանին տրամադրվել է 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից հետո։ Կազմակերպությունը հիմնադրվել է Պրահայի հենց այն մի խումբ ուսանողների կողմից, որոնք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար 50 տոննա օգնություն են հավաքել եւ ուղարկել Հայաստան։
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
«Յուքոմ» ՓԲԸ-ն «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի դեմ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, այն դատարանին մակագրվել է 2023թ. հուլիսի 3-ին։ Դատարանը հուլիսի 11-ին որոշել է քաղաքացիական գործը քննել պարզեցված կարգով, մերժել հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը։ Օգոստոսի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Նոյեմբերյանի նստավայրում կայացած դատական նիստում դատավոր Նարինե Անանյանը որոշել է դատական նիստ նշանակել սեպտեմբերի 29-ին, սույն հայցով գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023թ. հոկտեմբերի 9-ին։ Տավուշի մարզային «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն սկսել է գործել 2020թ. ապրիլից, այդ հեռուստաընկերության տնօրենը ճգնաժամային հաղորդակցության եւ տեղեկատվության ոլորտի մասնագետ, լրագրող Նիկոլայ Գրիգորյանի որդին է՝ Արմեն Գրիգորյանը։ Նիկոլայ Գրիգորյանը 2019թ. ապրիլի 17-ից մինչեւ 2021թ. մայիսի 3-ը պաշտոնավարել է որպես Տավուշի մարզպետի խորհրդական, թվային հեռարձակում իրականացնող մարզային հեռուստաընկերության ստեղծումը նրա մտահղացումն էր։ «Տավուշ-ՏՎ»-ի եթերում շատ են երեւանյան հեռուստաընկերությունների հաղորդումների կրկնություն-ցուցադրությունները, մարզային հեռուստաընկերությունը գրեթե չի անդրադառնում Տավուշի մարզի սուր հիմնախնդիրներին։
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ
Սեպտեմբերի 23-ին Իջեւանի ավագ դպրոցում ուսուցիչների կամավոր ատեստավորման շրջանակներում ռուսաց եւ անգլերեն լեզուների ուսուցիչների կողմից թեստերի հանձնում է կայացել։ Դրան մասնակցած ուսուցիչները հայտնեցին, որ ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած շատ ուսուցիչներ չէին ներկայացել քննությանը, որովհետեւ արդեն տեղեկացել են, որ թեստերում ընդգրկված են շատ խրթին, իրենց առարկայի դպրոցական ծրագրի հետ քիչ առնչություն ունեցող հարցեր, որոնց պատասխանելու համար քիչ ժամանակ է տրվում։ Թեստավորմանը մասնակցել են նաեւ Տավուշի դպրոցների ուսուցիչներ, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, եւ պետք է ատեստավորման ժամանակ դրական արդյունք ունենան, այլապես կազատվեն աշխատանքից։ Ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները շատ դժգոհ են քննական թեստերի հարցերից: Սեպտեմբերի 23-ի ատեստավորմանը մասնակցած ռուսերենի մի ուսուցչուհի՝ ազգությամբ ռուս, որը երկար տարիներ հաջողությամբ դասավանդում է, քննությունից կտրվել է. նրա վկայությամբ՝ թեստերի հարցերի մեջ եղել են ռուսերեն խոսակցական բառեր։ Միջին մասնագիտական կրթությամբ ռուսերենի մեկ այլ ուսուցուհի, որը 40 տարի դասավանդում է դպրոցում եւ 3 տարի հետո կենսաթոշակի պիտի անցեր, թեստավորումից բացասական արդյունք է ունեցել, ուստի պետք է ազատվի աշխատանքից։ Անգլերենի ուսուցիչները պարզել են, որ այդ օրը կայացած թեստավորման հարցերը Քեմբրիջի ուսուցիչների դասագրքից են եղել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ