ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միությունն իր խոր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման կապակցությամբ։

 

«Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում սանձազերծեց հերթական լայնամասշտաբ անհամաչափ պատերազմ, որի ընթացքում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, շտապ օգնության մեքենաներ, զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայ բնակչությունը հարկադրված ֆիզիկական գոյության պահպանման նպատակով լքում է իր հայրենիքը։

Լեռնային Ղարաբաղի հայությունը, 10 ամիս գտնվելով լիակատար շրջափակման մեջ, մատնվելով սովի եւ աննկարագրելի տանջանքների, ամիսներ շարունակ օգնության կոչ էր ուղղում քաղաքակիրթ աշխարհին, որի համաչափ արձագանքի բացակայությունը հանգեցրեց իրական էթնիկ զտման, մարդու բնական իրավունքների բազմակի եւ անթույլատրելի խախտման դեպքերի, որն, անշուշտ, այսօր կարիք ունի խստագույն դատապարտման։

Միությունը պնդում է, որ 21-րդ դարում, երբ մարդու ազատ, հավասար եւ արժանապատիվ կյանքը համարվում է բարձրագույն արժեք, նման վայրագությունների արմատները պետք է փնտրել նախկինում կատարված հանցանքների անպատժելիության մեջ։

1918թ. սեպտեմբերի 15-17-ը օսմանաադրբեջանական զորքերի վայրագությունների զոհ դարձան Բաքվի շուրջ 30 հազար հայեր, ավելի քան 30 հազարը հարկադրված հեռացել է քաղաքից։ 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445՝ մահացել ծեծի եւ տաժանակիր աշխատանքի հետեւանքով, անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել են 553 հայեր։ Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարը անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919թ.-ի դրությամբ), ինչը ժամանակի համար հսկայական գումար էր։ 1918-1920թթ. կոտորածն ու թալանը, ռասայական ու կրոնական խտրական քաղաքականությունը շարունակվել են գրեթե Ադրբեջանի ողջ տարածքում։

Նման գործելաոճ ժառանգեց նաեւ Խորհրդային Ադրբեջանը։ 1988-1991թթ.՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում, ապա 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսվել են  ցեղասպանական գործողություններ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, իսկ Հյուսիսային Ղարաբաղում, Նախիջեւանում եւ Ադրբեջանի մնացյալ տարածքում հայերի՝ ջարդերով ուղեկցվող տեղահանություններ։ Այս գործողությունների հետեւանքով հարյուր հազարավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով Հայաստանում կամ արտերկրում։

Այս տարիների ընթացքում Ադրբեջանը չի կարողացել եւ անգամ չի փորձել քաղաքական կամք ցուցաբերել արդարացիորեն առերեսվելու իր հարյուր հազարավոր քաղաքացիների բռնի արտաքսման փաստին։

Այժմ Լեռնային Ղարաբաղի հայությունն է ենթարկվում միեւնույն դաժանություններին, ինչի միջով որ պատմական Գարդմանի, Շիրվանի եւ Նախիջեւանի հայությունը ստիպված է եղել անցնել 35 տարի առաջ։ Համանման խնդիրներ փախստականների հետ կապված եւս կառաջանան, եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, իրավապաշտպան կառույցները եւ ազդեցիկ եւ պատասխանատու երկրները չդիմեն գործնական ճնշման Ադրբեջանի նկատմամբ, չկանխեն Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ինչպես որ եղավ Նախիջեւանի պարագայում։ Ադրբեջանի այս գործողությունները հանդիսանում են միջազգային մի շարք կարեւորագույն իրավապաշտպան հռչակագրերի եւ կոնվենցիաների կոպտագույն խախտումներ, որոնք արժանի են մանրամասն քննության»։

 

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Ռուսաստանը միշտ ուշադիր է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ. այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԳՆ վերջին արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին։

Դիվանագետին հարցրել են, թե արդյոք Երեւանը լսել է սեպտեմբերի 25-ի հայտարարության մեջ շարադրված Մոսկվայի ուղերձները։ Զախարովան նշել է, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։ «Մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները կլսեն եւ պատշաճ կերպով կընկալվեն։ Շատ առումներով սա մեր պատասխանն էր»,-ասաց նա՝ մեկնաբանելով ԱԳՆ հայտարարությունը։

Ռուսական կողմը կարծում է, որ փորձ է արվում ազատվել ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝  մեղքը բարդելով Մոսկվայի վրա։

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ

«ՌԻԱ Նովոստի» կայքի տեղեկություններով՝ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային «3+3» հարթակի ակտիվացմամբ եւ բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն այս ձեւաչափով գագաթնաժողով անցկացնելու համար:

«3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ։ 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների եւ Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրենի համանախագահությամբ։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։ Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցների ընթացքում հետաքրքրություն են հայտնել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։

«Լինելով այս նախագծի նախաձեռնողներից մեկը՝ մենք, իհարկե, հանդես ենք գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին։ Համագործակցության այս ձեւաչափի հաջող օրինակը տեսնում ենք թյուրքալեզու երկրների օրինակով, երբ տարածաշրջանային երկրները, որոնք ունեն ընդհանուր արմատներ, միմյանց կապող տարրեր, համատեղ լուծում են խնդիրները, պլաններ են կազմում, մեծացնում են ապրանքաշրջանառությունը եւ այլն։ Ուստի մենք միայն այս ձեւաչափի ակտիվացման կողմնակից ենք, բազմիցս հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին՝ ընդունելու նման հանդիպում ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը` իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարություն: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում:

Նախագծով առաջարկվում է նաեւ կարգավորել ապրանքների ձեռք բերման փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը: Դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով:

«Նախատեսվում է հստակեցնել ընտրված ապրանքների գծով չափագրման ուսումնասիրության շրջանակում գույքագրում իրականացնելու դրույթը: Ընդ որում` նախագծի կարգավորումներով հստակ սահմանվում է, որ հարկային մարմինն իրավունք ունի նման գործողություն իրականացնել այն հարկ վճարողների մոտ, որոնց ձեռքբերման կամ իրացման շեմը տարվա ընթացքում գերազանցում է 24 մլն դրամը»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Օրենսդրությամբ հստակեցվում է չփաստաթղթավորված ապրանքներ հայտնաբերելու պատասխանատվությունը: Մասնավորապես, սահմանվում է, որ շրջանառվող հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջի փաստը չհայտնաբերվելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ նրանցից կգանձվի ապրանքների ձեռք բերման գնի 20 տոկոսի չափով տուգանք:

Ըստ Կարեն Թամազյանի` պատասխանատվություն կսահմանվի այն դեպքերի համար, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կհայտնաբերվեն այնպիսի դեպքեր, երբ գույքը հանձնվում է վարձակալության, կամ պետական գրանցում չի ստացել այդ վաձակալության գործարքը, կամ նախապես հարկային մարմին հայտարարություն չի ներկայացվել ֆիզիկական անձի կողմից վարձակալության գործարքի առկայության վերաբերյալ:

Սահմանվում է նաեւ, որ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները հատուկ հարկման, մասնավորապես՝ շրջանառության համակարգում չեն գործելու:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի` «ո՞րն է պարտադիր փաստաթղթավորման պահանջում փոփոխություն կատարելու նպատակը» հարցին ի պատասխան` ՊԵԿ նախագահի տեղակալն ասել է. «Փոփոխություն կատարելու հիմքը հավասարության ապահովումն է»: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 




Լրահոս