«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը թեժ քննարկում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում եւ բավականին երկար է տեւել: Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի եկել է խորհրդարան ու մոտ 3 ժամ անց նոր հեռացել: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները քննարկել են Արցախում ստեղծված այս ծանր իրավիճակը, արցախահայերի տարհանման հետ կապված հարցերը, հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Հիմնականում երկարաշունչ ելույթներ է ունեցել Փաշինյանը, իսկ ՔՊ-ականները լուռ լսել են նրան ու գլխով արել: Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես իրեն է բնորոշ, էլի նոր մեղավորներ է նշանակել. ըստ նրա՝ Արցախում ստեղծված աղետալի վիճակի մեղավորները ռուսներն են, Արցախի իշխանությունները եւ հայաստանյան ընդդիմությունը, մի խոսքով, բոլորը, բացի իրենից: ՔՊ-ականների օրակարգում եղել են արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցեր. ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է աշխատանքից։ Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատանքից անսպասելի հեռացումը կապված է Պետրոսյանի ծավալած գործունեության հետ։ Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, ազատումը կապված է Ֆիրդուս թաղամասի տների վաճառքի հետ։ Հիշեցնենք եւ ասենք, որ մենք բազմիցս ենք անդրադարձել այս խնդրին, որ Ֆիրդուս թաղամասի այժմ նախկին բնակիչներից պահանջել են լքել տները՝ խոստանալով փոխհատուցումներ տրամադրել՝ իրենց բնակարանների կադաստրային արժեքին համապատասխան։ Հավելենք նաեւ, որ ավելի քան 5 հեկտար տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ: Պետրոսյանին, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատել են, քանի որ նա, գործ ունենալով Կադաստրային կոմիտեի հետ, բնակարանները գնահատել է կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գներով։ Պետրոսյանը, կապ ունենալով գնահատող ընկերությունների հետ, նրանց հետ համաձայնության գալով, կեղծել է գումարի չափը։ Այս տեղեկությունը պարզելուց հետո վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել ազատվել նրանից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանության ներսում անհանգստացած են։ Բանն այն է, որ արցախից տեղահանված քաղաքացիներից շատերը բնակություն են հաստատել ընդիմադիրներին պատկանող կամ նրանց հետ կապ ունեցող անձանց հյուրանոցներում կամ նրանց կողմից առաջարկված բնակության վայրերում։ Արդյունքում քաղաքական իշխանությունները մտավախություն ունեն, որ ընդդիմությունը, արցախցիներին տեղավորելով իրենց կողմից հատկացված վայրերում, հետագայում այս փաստը կշահարկի իշխանության դեմ։ Ասել է թե՝ իշխանության ներսում սպասում են բողոքի ալիքի երկրորդ փուլի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 395,1 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5 %-ով, իսկ 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 8.7 %-ով։ ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 11 մլրդ 386.9 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 185.6 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022 թվականի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.4 %-ով, 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 9.4%-ով. ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 10 մլրդ 844.1 մլն ԱՄՆ դոլար։ Արտաքին պարտքի 91%-ը Կառավարության պարտքն է, 9%-ը՝ Կենտրոնական բանկինը։ Կառավարության արտաքին վարկերի ու փոխառությունների կազմում ամենամեծ կշիռը Համաշխարհային բանկինն է։ Հայաստանի հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 18.8% կշռով։