«Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է մի խումբ անկախ երիտասարդների կողմից, որոնք չեն ընդունում այն, ինչ այժմ տեղի է ունենում մեր երկրում: Նրանք իրենց ընդդիմադիր են համարում, բայց ընդդիմության այն կերպարին, որով հանդես է գալիս ՀԱԿ-ը, որոշակի վերապահումներով են վերաբերվում: Նախաձեռնության հիմնադիրների հիմնական կազմում են 4 երիտասարդ` իրավաբան, քաղաքագետ, լրագրող եւ աշխարհագրագետ: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է շարժման համակարգող խմբի անդամ Աշոտ Պողոսյանը: Ֆինանսների բացակայության պատճառով կայք չունեն: Ունեն ալիք YouTube-ում` youtube/chenqlrelu եւ խումբ Facebook-ում: -Ո՞րն էր «Չենք լռելու» նախաձեռնության ստեղծման նպատակը:-Բարձրաձայնել հարցեր, որոնք կնպաստեն համակարգային փոփոխություններին: Պարզ օրինակ ասեմ. ընկերներ ունեմ, որոնք ծառայում են Հադրութի զորամասում եւ միշտ բողոքում էին սպաների բացասական վերբերմունքից: Բայց հիմա` ծեծից խելագարված զինվոր Հովհաննես Վարդանյանի դեպքից հետո, Հադրութում սկսել է բացակայել սպաների կողմից զինվորների հանդեպ վատ վերաբերմունքը: Նրանք հասկացան, որ ամենաանտեր զինվորն էլ` ամենահեռու ու կորած գյուղից, մեկ օրում կարող է դառնալ YouTube-ի աստղ: Ոչինչ, YouTube-ում հայտնվելը կսթափեցնի այդ սրիկաներին: Ինֆորմացիոն բլոկադան հո արդեն ճեղքել ենք: -Մամուլում լայն քննարկման առարկա դարձավ ձեր համագործակցությունը դեռ մի քանի օր առաջ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանի հետ: -Գասպարյանն անձամբ ինձ վրա շատ նորմալ մարդու տպավորություն թողեց, կարելի է ասել` իր մասին հասարակական կարծիքի հակապատկերն էր: Կարծում եմ` Գասպարյանի փոխնախարարության օրոք իր հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում «Չենք լռելու»-ի կողմից սկսված՝ բանակի առողջացման երիտասարդական շարժումը դեռ մեծ ծիլեր կտա: Դրանք մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն:-Պետական մարմինների կողմից որեւէ աջակցություն ստանո՞ւմ եք, թեկուզ ինֆորմացիայի տեսքով:-Մենք երբեք չենք դիմել, իմաստ չենք տեսել, շատ քաղաքավարի ձեւով հրաժարվել ենք: Ոմանք փորձել են բարիդրացիական հարաբերություններ հաստատել, օգնություն առաջարկել, ընդ որում, այն մարդիկ, որոնք լրիվ դուրս են մեր հետաքրքրության շրջանակից` ըստ երեւույթին վախենալով, որ հերթը մի օր իրենց էլ կհասնի: -Փաստորեն, ձեր տեսանյութերը հիմնականում շրջանառվում են համացանցի միջոցով, ինչի շնորհիվ դրանք դիտում են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: -Հիմա մենք ունենք կամավոր ներկայացուցիչներ Մոսկվայում, Լոնդոնում, Սոչիում, Փարիզում, Վաշինգթոնում, Լոս Անջելեսում եւ Թիֆլիսում:-Վեր եք հանում միայն հայերի՞ խնդիրները:-Այո՛, մենք մեզ զուտ հայկական ուժ ենք համարում, ինչքան էլ որ փորձեն մեզ կապել այս կամ այն միջազգային կառույցների հետ: Մենք սկզբունքորեն որեւէ գրանտի համար չենք դիմում, որովհետեւ այդ միջազգային գրանտների դիմաց որոշակի պարտավորություններ պետք է կատարել, որոնք դեմ են մեր սկզբունքներին: Որոշել ենք ամբողջովին ազատ ու անկախ լինել:-Էլ ի՞նչ հարցեր կան, որոնց շուրջ չեք լռելու:-Բոլոր այն հարցերը, որոնց բարձրաձայնումը կարող է փոխել վիճակը: Տարբեր մարդիկ ինչ-որ դավադրություններ են փնտրում սրա մեջ, բայց իրականում մեր գաղտնիքը խնդիրները ճիշտ ձեւով մատուցելու մեջ է: -Կմտաբերե՞ք ամենասահմռկեցուցիչ տեսանյութը:-Զինվոր Հովհաննես Վարդանյանի նյութը: Երեկոյան, երբ դուրս եկանք Նորքի հոգեբուժարանից, շոկի մեջ էինք: Չէինք կարողանում մոնտաժ անել, բայց եւ հասկանում էինք, որ չի կարելի ուշացնել: Սա ահազանգ էր, որ պետք էր հնչեցնել շատ շտապ: Մինչ ուշ գիշեր նստեցինք, մոնտաժ արեցինք եւ առավոտյան տեղադրեցինք:-Չե՞ք փորձել հեռուստատեսության միջոցով էլ տարածել ձեր հոլովակները: -Գիտեք, մենք դեմ ենք հեռուստատեսության այն ֆորմատին, որը հիմա Հայաստանում է: Դա երկրի այս խայտառակ վիճակի գունավոր փաթեթավորումն է: Չենք փնտրում համագործակցություն: Նրանք առանց այդ էլ վերցնում են մեր աղմկահարույց թեմաները: -Իսկ այդ աղմկահարույց թեմաներից հետո չե՞ն փորձել ձեզ խանգարել, արգելել:-Այն էլ ինչքան: Սկզբում մի իրական արշավանք սկսեցին Facebook-ում: «Չենք լռելու»-ի մասին պախարակող տեղեկություններ էին տարածում: Խոսում էին, որ այս նախագիծը Մայր աթոռի կամ մեծահարուստ սփյուռքահայերի պրոյեկտն է: Իհարկե, այս ամենն աբսուրդ է:-Հիմա ո՞վ է ձեզ ֆինանսավորում:-Ոչ ոք: Եթե ցույց տաք մեր մի նախաձեռնություն, որտեղ ֆինանսական ներդրում է արվել, ես ցույց կտամ, թե որտեղից է այդ փողը: Մոնտաժն անում ենք մենք` մեր տան համակարգչով, շտատիվն ու կամերան իմ 100 տարվանն են: Ես Աստված եմ կանչում, որ ինքնաբուխ ծնվեն 5-6 «Չենք լռելու»-ներ, այդ դեպքում մեր երկիրը կփոխվի, հաստատ կփոխվի, համոզված եմ:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԲԼՈԿԱԴԱՆ ՃԵՂՔՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ