Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Franceinfo-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք կարող է Ֆրանսիան ռազմական միջամտություն ցույց տալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Լեկոռնյուն ասել է, թե անձամբ նախագահ Մակրոնն է հետևում իրավիճակին։
«Հանրապետության նախագահն ինքն է հետևում այս հարցին, որը կարևոր է Ֆրանսիայի համար, կարևոր՝ շատ ֆրանսիացիների համար, ովքեր սիրում են Հայաստանը կամ կապեր ունեն Հայաստանի հետ: Հանրապետության նախագահն ասել է, որ հայ բնակչության ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պաշտպանությունը մեզ համար բացարձակ նպատակ են: Ես բազմիցս հանդիպել եմ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Բացի դրանից, ես ինձ համարում եմ առաջին ռազմական նախարարը, որ այդքան շատ շփումներ է ունեցել հայ գործընկերոջ հետ։ Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչ օրս գոյություն չի ունեցել, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն վարել հայկական բանակի, հայկական իշխանությունների հետ, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել նրանց կարիքները»,- ասել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը։
Ֆրանսիայի՝ ռազմական ճանապարհով միջամտելու հարցին, Լեկոռնյուն ընդգծել է, որ դրան չի հավատում, և որ այդ հարցին պետք է պատասխանեն Հանրապետության նախագահը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը
«Ամեն դեպքում, ակնհայտ է, որ մենք դիտարկում ենք Հայաստանից եկող պահանջները»,- նշել է նա։