Ոչ բռնության միջազգային օրը (International Day of Non-Violence) հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2007-ի հունիսի 15-ի որոշմամբ A/RES/61/271)։ Ամսաթիվը պատահականորեն չի ընտրվել․ 1869-ի հոկտեմբերի 2-ին ծնվել է Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ եւ ոչ բռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդին։ ՄԱԿ-ի որոշման համաձայն, Միջազգային օրը լրացուցիչ առիթ է, որպեսզի «քարոզվի ոչ-բռնություն, այդ թվում նաեւ՝ լուսավորչական եւ հասարակական-բացատրական աշխատանքի միջոցով»։
Փաստաթղթում հաստատվում է «ոչ բռնության սկզբունքի համընդհանուր նշանակությունը», ինչպես նաեւ «խաղաղության, հանդուրժողականության, ըմբռնման եւ ոչ-բռնության մշակույթ հաստատելու» ցանկությունը։ Հնդկաստանի Միջազգային հարցերով պետական նախարար Անանդ Շարման, 140 հեղինակի անունից այս որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում քննարկման դնելով հայտարարել է, որ «փաստաթղթի հեղինակների լայն եւ բազմազան գունապնակը Մահաթմա Գանդիի, ինչպես նաեւ նրա փիլիսոփայական հայացքների հանդեպ խորին հարգանքի արտացոլումն է»։ Իր ելույթում նա մեջբերել է հանգուցյալ առաջնորդի հետեւյալ արտահայտությունը. «Ոչ բռնությունը մարդկության ձեռքում մեծագույն ուժ է։ Այն ավելի հզոր է, քան մարդկային հնարամտության արդյունք հանդիսացող ամենահզոր ոչնչացնող զենքը», փոխանցում է Calend-ը։
Ոչ բռնության սկզբունքը, որը հայտնի է նաեւ որպես ոչ բռնի դիմադրություն, արտացոլում է սոցիալական կամ քաղաքական փոփոխությունների հասնելու ճանապարհին բռնի ուժից հրաժարումը։ Համարվում է, որ գոյություն ունի ոչ բռնի գործողությունների երեք հիմնական տեսակ․ բողոքն արտահայտելն ու համոզելը (այս կարգին է դասվում, մասնավորապես, քայլերթերի եւ ցույցերի անցկացումը), համագործակցությունից հրաժարումը եւ ոչ բռնի միջամտությունը (օրինակ, շարժման արգելակումը կամ շինությունների գրավումը, առանց մարդկանց վնաս հասցնելու)։ Սոցիալական պայքարի այդ ձեւը, որը հաճախ բնութագրվում է որպես «հասարակ մարդկանց քաղաքականություն», ամբողջ աշխարհում ընդունվել է բնակչության լայն զանգվածների կողմից եւ կիրառվում է հանուն սոցիալական արդարության իրենց պայքարում։