ՈՉ ԹԵ ՉԱՐԵՆՑԸ, ԱՅԼ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցի գերեզմանն են պղծել: Չարենցասերները խառնվել են իրար: Իսկ Հայաստանում ո՞վ չի սիրում Չարենցին: Այս հարցին կա մի պատասխան` ոչ ոք: Ուրեմն Հայաստանում արտասովոր բան է եղել: Բայց…20 տարի է (դեռեւս ենթադրաբար) Չարենցի հայտնաբերված գերեզմանը մնում է առեղծվածի սահմաններում: Իսկ գիտե՞ք, թե ինչու:Եթե գիտեք, վատ է, որ լռում եք: Եթե չգիտեք, ավելի վատ, որ անտարբեր եք: Իսկ այս գիտենալու եւ չգիտենալու արանքում որոշ վայ չարենցասերներ իրենց գովազդն են անում` չարաշահելով եւ «շահաշահելով» հայության նվիրական զգացմունքները: Այսքան կտրուկ չէի լինի, եթե ինչ-որ չափով այս պատմությանը տեղյակ չլինեի եւ հեռուստատեսությամբ էլ չտեսնեի ու չլսեի Արեւշատ Ավագյանի նվվացող խոսքը, ով ահա արդեն 20 տարի, չգիտես ինչու, կրկնում է, որ իրեն Լյուդվիգ Սարգսյանի մասին տեղեկացրել են հրազդանցի երկու երիտասարդներ, ու կարծես թե այդ երկուսն անհայտ եւ պատահական մարդիկ են:Ես Վանատուրցի եմ եւ ճանաչել եմ իմ համագյուղացի Լյուդվիգ Սարգսյանին, ով Չարենցի գաղտնի հուղարկավորության մեզ հասած միակ վկան էր: Ինչպես նաեւ ճանաչում եմ Արեւշատ Ավագյանի ասած այդ անհայտ «երկու հրազդանցի երիտասարդներին»: Ի դեպ, նրանցից մեկը` Արեւշատ Ավագյանի սիրելի, Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Հակոբ Հարությունն է, որի հետ Ա.Ավագյանը 1989թ-ից հետո մինչեւ այսօր դժվար թե գոնե մի քանի անգամ հանդիպած չլիներ մեր օրերի Գրողների միության` ինտրիգներով լեցուն շենքում: Իսկ մյուսը վանատուրցի բանաստեղծ Մարտին Հարությունյանն է:Հարցնում եմ Ձեզ, ինչո՞ւ է նա ճանաչելով, այն էլ լավ, այսպես ասած, այդ երկու երիտասարդներին, անհայտության քողով պատում նրանց անունները, սա արդյո՞ք դիտավորություն չէ: Եւ արդյո՞ք նման «մանր-մունր» դիտավորությունների պատճառով չէ Չարենցի գերեզմանի պատմության այսքան երկարող քաշքշուկը, հետեւապես նրա հիշատակի պղծումը: Ի վերջո, պետք է ավարտ ունենա՞ պատեհապաշտների անվերջ երթը, որոնք մոռացել են այն պարզ ճշմարտությունը, որ ստի ոտքը կարճ է:Որտե՞ղ է Չարենցի գերեզմանը: Կարծում եմ` սա պետական նշանակության հարց է: Գուցե համապատասխան մարմինները վերջիվերջո պատասխան կտան այս հարցին, երբ արդեն այսքան փաստեր կան:Չարենցը վեր է բոլորից, եւ մեկի ուզել-չուզելով չէ, որ նրա գերեզմանին մոմ պիտի վառվի: Եւ գուցե դիպվածն այս պարագայում ճանապարհ բացի դեպի ճշմարտությունը, ոչ թե այն փակի` որոշ մարդկանց անձնական նկրտումներից ելնելով, ու կամայականությունը հերթական փորձության չենթարկի հայի սրբություններից մեկի` Չարենցի հիշատակը:ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆՎանատուր




Լրահոս