Մինչ Արտավազ համայնքում ընթանում են համայնքապետի ընտրությունները, «Ժողովուրդ»-ի թղթակիցը համայնքի բնակիչներից հետաքրքրվեց, թե իրենք ինչպես են գնահատում ընտրությունների ընթացքը: Նշենք, որ համայնքի բնակիչների մեծ մասը վախենում է որևէ գնահատական տալ ընտրություների ընթացքի մասին: Իսկ մի մասն էլ` մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ-ական թեկնածուին ընտրում են, քանի որ հեշտությամբ են իրենից տեղեկանք վերցնում:
Տեղեկացնենք, նաև, որ վաղ առավոտից ընտրատարածքի առջև հավաքվել են մի շարք երիտասարդներ, որոնցից Armlur.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչն է այնտեղ գտնվելու պատճառը և եթե արդեն ընտրել են` ինչու չեն լքում տարածքը: Մեր հարցին ի պատասխան նրանք հայտնեցին, որ պարզապես սպասում են: Իսկ թե ինչին և ում՝ նրանք այդպես էլ չպասխանեցին:
Armlur.am-ի հետ զրույցում 25/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահե Մեսրոպյանը հայտնեց, որ ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 407 մարդ, որից այս պահի դրությամբ ընտրությւոն է կատարել 240-ը: Հանձնաժողովի նախագահը համայնքի բնակիչների ընտրությանը մասնակցելու ակտիվությւոնը գնահատեց նորմալ: