Հայաստանում տեղի են ունեցել Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի» (ԳՐԵԿՈ) գնահատող թիմի քննարկումները՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
ԳՐԵԿՈ-ի կողմից ՀՀ գնահատման 5-րդ փուլը մեկնարկել է դեռևս 2022 թ. դեկտեմբերից, որի շրջանակում ուսումնասիրվում և գնահատվում է վարչապետի և վերջինիս խորհրդականների, փոխվարչապետների և վերջիններիս խորհրդականների, նախարարների և վերջիններիս խորհրդականների, նախարարների տեղակալների, ինչպես նաև ոստիկանության ողջ համակարգի առնչությամբ առկա կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության, ներառյալ կոռուպցիոն դեպքերի քննության ողջ համակարգի կառուցակարգերը՝ օրենսդրական և իրավակիրառ մակարդակում, ինչպես նաև՝ այդ կապակցությամբ ընկալումները հասարակության և ԶԼՄ շրջանակներում:
ԳՐԵԿՈ-ի կողմից 5-րդ փուլի շրջանակում ՀՀ գնահատման զեկույցը կընդունվի 2023 թ. մարտին ԳՐԵԿՈ-ի լիագումար նիստին և կտրվեն հանձնառություններ: Այնուհետև ԳՐԵԿՈ-ին տարեկան կտրվածքով հաշվետվություն է ներկայացվելու տրված հանձնառությունների կատարման վերաբերյալ: Հանձնառությունների կատարման գործընթացն իրականացվելու է տարեկան կտրվածքով՝ այնքան ժամանակ, մինչև ԳՐԵԿՈ-ն համարի, որ պարտավորությունները բավարար չափով կատարված են:
Այցի շրջանակներում ԳՐԵԿՈ-ի գնահատող թիմը հանդիպումներ է ունեցել վերոնշյալ պետական պաշտոնյաների հետ: ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել փակ հանդիպում՝ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակում ՀՀ-ին գնահատելու համար: