Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին:

Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում: Ուսանողները պետք է կցագրվեն՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, կրեդիտների տարբերությունից (առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից)՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով իրավիճակային կամ անհատական մոտեցում»:

Համաձայն շրջաբերականի՝ բուհերը պետք է վարեն նշված ուսանողների հաշվառում՝ մեկշաբաթյա պարբերականությամբ տվյալները ներկայացնելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` հետագայում փաստաթղթավորումն ու լիարժեք ներգրավումն ապահովելու համար:

«Մինչև քննաշրջանի սկիզբն անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ համապատասխան փաստաթղթերի առկայությունն ապահովելու, ինչպես նաև ուսանողների տեղափոխության գործընթացներում, ըստ անհրաժեշտության, նոր կարգավորումներ սահմանելու ուղղությամբ։ Քննարկվում են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է շրջաբերականում։

Բուհերին առաջարկվել է կրթական գործընթացին զուգահեռ դիտարկել նաև տեղահանված ընտանիքների ուսանողների ինտեգրման, հոգեբանական և կրթությանն առնչվող հավելյալ աջակցության ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները՝ բուհի համապատասխան ստորաբաժանումների միջոցով կամ համագործակցելով այլ բուհերի հետ։




Լրահոս