Մի՞թե իշխանությունները օգտագործում են ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է կանխատեսել ընդդիմադիր ուժերի հետ ԲՀԿ հանդիպումներից, նշեց, որ կարելի է առանձնացնել երկու հավանական տարբերակ:

Առաջին տարբերակն, ըստ քաղաքագետի, այն է, որ,- «ԲՀԿ-ն, իրեն հռչակելով երրորդ ուժ` ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, բայց լինելով իշխանությանը ավելի մոտ, կարող է իշխանությունների կողմից օգտագործվել որպես մի քաղաքական ուժ, որի միջոցով կարելի կլինի ուղղորդել ընդդիմադիր զանգվածին»: Իսկ երկրորդ տարբերակը այն է, որ ԲՀԿ-ն ցանկություն ունի բարեփոխումներ իրականացնելու ՀՀ-ում, առավել ևս սոցիալ-տնտեսական ոլորտում, որի վերաբերյալ Գ.Ծառուկյանը միշտ իր դժգոհությունը հայտնել է` բացեիբաց մեղադրելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակի մեջ վարչապետ Տ.Սարգսյանին:

«Գոնե անցյալ տարվա դեկտեմբերի վերջին իրենց կողմից վերահսկվող «Կենտրոն» հեռուստաընկերությունով թողարկված ռեպորտաժները դա էին ցույց տալիս, և իրոք ԲՀԿ-ն ցանկություն ունի դառնալ այն ընդդիմությունը, որի շուրջ կմիավորվի մեծ ու փոքր այլ ընդդիմադիր ուժեր, ու նա դառնա Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով Հայաստանի Իվանիշվիլի»,- իր խոսքում նշեց Գագիկ Համբարյանը:

Նա որոշակիորեն բարդ համարեց համեմատել Գ.Ծառուկյանին Վրաստանի նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլու հետ` նշելով, որ,- «Նախ ի տարբերություն Գ.Ծառուկյանի, Իվանիշվիլին իր ֆինանսական բարեկեցությունը ստեղծել է արտասահմանում` երկար տարիներ ապրելով այդտեղ, և Սահակաշվիլիի համար շատ դժվար էր Իվանիշվիլիուն ֆինանսական պատժի ենթարկել: Եվ երկրորդ Իվանիշվիլին իշխանության մեջ երբևիցե չի եղել»:

Այս ամենից եզրակացնելով` քաղաքագետը նշեց, որ Գ.Ծառուկյանը չի կարող ֆինանսապես անկախ գործել, քանի որ իր բիզնեսի մեծ մասը ՀՀ-ում է, իսկ եթե իրեն շատ ակտիվ պահի ու բացեիբաց դուրս գա ընդդեմ իշխանությունների, կստացվի այն իրավիճակը, ինչ եղավ մարտի 1-ից հետո ևս մեկ օլիգարխի` Խաչատուր Սուքիասյանի հետ:

«Ֆինանսների պակասը շատ մեծ հարված կարող է լինել ԲՀԿ-ի համար, որը համարվում է այն կուսակցությունը, որը ֆինանսապես ավելի բարեկեցիկ է ու անկախ»,- եզրափակեց իր խոսքը քաղաքագետ Գագիկ Համբարյանը:




Լրահոս