ArmLur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբոր՝ Արեգ Ղուկասյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյուք իր եղբոր, նրա գտնվելու վայրի մասին լուր ունի, թե ոչ։ Նշենք, որ այս պահին Արեգ Ղուկասյանը զբաղեցնում է Ավանի աղի կոմբինատի տնօրենի պաշտոնը։
-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ տեղեկություն ունեք ձեր եղբոր՝ Արկադի Ղուկասյանի գտնվելու վայրի մասին։
– Ես ոչ մի տեղեկություն չունեմ եղբորս մասին։ Ոչ մ,ի կապ չկա նրա հետ, տեղեկություն չունեմ՝ անվտա՞նգ, թե՞ վտանգավոր տեղում է գտնվում։ Հեռախոսային ոչ մի կապ չկա, զրկված ենք ինֆորմացիա իմանալուց։
-Երբվանի՞ց տեղեկություն չունեք։
-Ոչ մի տեղեկություն չունեմ, ես արդեն ասացի։ Երբ Ստեփանակերտում էր ու կապ կար, այդ ժամանակ ինֆորմացիա ունեի։ Հիմա բացարձակ կապ չկա, հիմա որևէ տեղեկություն չունեմ։ Հիմա փորձում ենք ինչ-որ տեղեկություն ստանալ, և ձեզ էլ խնդրում եմ՝ որևէ ինֆորմացիա իմանաք, մեզ շատ կօգնեք։ Այս պահին մեր հնարավորությունները շատ սահմանափակ են։
-Իսկ ի՞նչ կարծիքի եք, Ադրբեջանը կդիմի՞ քայլի և Արկադի Ղուկասյանին ևս գերի վերցնի, ինչպես դա արեց Ռուբեն Վարդանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի դեպքում։
Չեմ կարող ասել, ես ցանկանում եմ օր առաջ իմ եղբայրը վերադառնա Հայաստան։ Ես ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում։
Զրուցեց՝ Սոնա Գրիգորյանը