ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Արցախի պատերազմի մասնակից եմ, երկրորդ կարգի հաշմանդամ: Ապրում եմ վետերանների համար հատուկ օթեւանում: Շենքում չունենք ջեռուցում, 40-ից ավել բնակարան կա, բոլորս էլ հոսանքով ենք տաքացնում: Գազ ենք ուզում քաշել, բայց փող չունենք: Խողովակների անցկացման համար մեծ գումարներ են պետք: Հետաքրքիր է իմանալ` պաշտպանության նախարարությունը մեզ կօգնի՞, խողովակների անցկացման համար գումար կտրամադրի՞: Սիմոն Այվազյան, 81 տարեկան, թոշակառուՊԱՏԱՍԽԱՆ. Սիմոն Բենիամինի Այվազյանին  պաշտպանության նախարարությունն այս տարի օրենքից դուրս, բացառության կարգով, հարյուր հազար դրամ գումար է հատկացրել: Այդ գումարը ստանալուց հետո նա նորից դիմում էր գրել` էլի օգնություն խնդրելով, բայց արդեն մերժվել է: Իսկ ինչ վերաբերում է գազամատակարարման հետ կապված հարցերին, ապա մեր օրենքներով սահմանված կարգով նման ծրագիր չկա, որ գազամատակարարումն իրականացնելու համար գումար հատկացվի: Զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին օրենքով եւ այլ իրավական հիմքերի բացակայության պատճառով Սիմոն Այվազյանի բարձրացրած հարցին ընթացք տալ չենք կարող: Նա կարող է դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին, միգուցե թաղապետարանը գումար հատկացնի ու հարցին լուծում տա:ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դժվար չէ ենթադրել, որ անապահով ազատամարտիկը կարիքից դրդված է նախարարությունից երկրորդ անգամ օգնություն խնդրել: Ուշագրավ է,  սակայն, որ «Հայռուսգազարդ»-ի աջակցության մասին ո՛չ ազատամարտիկի հարցում, ո՛չ պաշտպանության նախարարության պատասխանում խոսք անգամ չկա, այն դեպքում, երբ ՊՆ-ն թաղապետարանի հասցեն է տալիս` հույսով, թե միգուցե տեղական ինքնակառավարման մարմինն աջակցի կարիքավորին:  Անհնար է չհիշել, որ «Հայռուսգազարդ»-ը չընդառաջեց նաեւ նույն խնդրով  վերջերս մեր խմբագրությանը դիմած զոհված ազատամարտիկի մորը: Այս կառույցը,  զանազան տեխնիկական խնդիրներ մատնանշելով,  մեր միջնորդությունն այդպես էլ անպատասխան թողեց:




Լրահոս