ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ ՈՒ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների եւ փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. մայիսին «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա. Աշոտյանի մտերիմ Մ. Սիմոնյանը, իսկ հունիսին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մ. Նարիմանյանը, որից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 1-ին, համալսարանի ֆինանսական գծով պրոռեկտորի նոր բացված հաստիքին նշանակվել է Կ. Հարությունյանը:

Այնուհետեւ Ա. Աշոտյանը համալսարանի ռեկտոր Մ. Նարիմանյանին դրդել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործել, այն է՝ առանց գնումների գործընթացի կազմակերպման եւ առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ի. Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանների կառուցապատման իրավունքներ ընդհանուր 36.994.000 ՀՀ դրամով:

Ապա Աշոտյանի կազմակերպմամբ մեկ այլ արհեստակցական կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գումարի վատնման՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը դարձնելու եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Մ. Նարիմանյանը նույն կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով, Ա.Աշոտյանի հանձնարարությամբ, «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ. Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ, իսկ հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ. Պարսեղյանին Մ. Նարիմանյանը հանձնարարել է կատարել համապատասխան փոխանցումները:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Մ. Նարիմանյանը, Ա. Աշոտյանի գիտությամբ եւ թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել եւ փոխանցել կազմակերպությանը, ինչպես նաեւ կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ չնշելով դրա չափը:

Կնքված հուշագրի հիման վրա՝ համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ:

Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու եւ դրանք օրինական շրջանառության մեջ դնելու, այդկերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մ. Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ. Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձեւական պայմանագիր, որոնցով կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում ձեռք է բերել 4 տարբեր մակերեսներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ընդհանուր 86.192.000 ՀՀ դրամով, ինչպես նաեւ պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային ընդհանուր օգտագործման տարածք՝ որպես սպորտային դահլիճ, շուկայականից էականորեն բարձր գնով՝ 99.414.000 ՀՀ դրամով: Նշված բնակարանները եւ նկուղային տարածքը եւս մինչեւ 2018 թվականը որեւէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ համալսարանի կողմից չեն օգտագործվել եւ փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում, իսկ համալսարանը վճարել է դրանց սպասարկման գումարը՝ յուրաքանչյուր ամիս 173.000-ական ՀՀ դրամ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Ա. Աշոտյանին, Մ. Նարիմանյանին, Մ. Սիմոնյանին մեղադրանք է ներկայացվել:

Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ համալսարանի գլխավոր հաշվապահ Լ. Պարսեղյանին եւ ՍՊԸ տնօրեն Ռ. Դավթյանին։

Նախաքննությունն ավարտվել է, եւ նշված անձանց մասով անջատված վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ

Ադրբեջանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Ռուբեն Վարդանյանին:

 

«Ժողովուրդ» օրաթերթը  Պետական անվտանգության ծառայությունից տեղեկանում է, որ, իբրեւ թե, հավաքված ապացույցների հիման վրա՝ բացահայտվել են հանցավոր արարքների էական կասկածներ 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենովիչի Վարդանյանի նկատմամբ (ով ներկայումս հանդիսանում է ՀՀ քաղաքացի)՝ 214-1  (Ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (Մասնակցություն օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման եւ գործունեության մեջ) եւ ԱՀ ՔՕ 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն) հոդվածներով:

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պարզվել է, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է ԱՀ պետական սահմանը՝ շրջանցելով անցակետերը, եւ մուտք գործել ՀՀ տարածք։

Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պարզվել է, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է ԱՀ պետական սահմանը՝ շրջանցելով անցակետերը եւ մուտք գործել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան տնտեսական շրջանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածք, մասնակցել է ԱՀ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ձեւավորմանն ու գործունեությանը, ինչպես նաեւ մասնակցել է զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, ռազմական տեխնիկայի եւ բանակային իրերի մատակարարմանը այդ ապօրինի ռազմական կազմավորումներին, որոնք հարձակումներ են իրականացրել գերատեսչությունների, կազմակերպությունների եւ անհատների վրա, որոնք հանգեցրել են մահվան եւ այլ ծանր հետեւանքների։

«Բացի այդ, Վարդանյանը մասնակցել է ահաբեկչության ֆինանսավորմանը՝ միջոցներ հատկացնելով այդ ապօրինի զինված խմբավորումների ահաբեկչական գործունեությունը կազմակերպելու համար։ Կատարված ապօրինի գործողությունների համար Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է եւ որպես մեղադրյալ ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործով քննչական եւ օպերատիվ միջոցառումները շարունակվում են»։

Հիշեցնենք, որ  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները երեկ բերման են ենթարկել Լաչինի միջանցքից։

 

 

 

ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ

 

Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն եւ քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում «Whatsapp» հավելվածի միջոցով կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ եւ, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով:

Մասնավորապես, դեպքերից մեկով Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն եւ քննությամբ չպարզված այլ անձինք 2022 թվականի մայիսի 17-ին «Whatsapp» հավելվածի միջոցով նամակագրական կապ են հաստատել «List.am» կայքում լամպի վաճառքի հայտարարություն տված քաղաքացու հետ եւ վերջինիս ուղարկելով կեղծ հղում՝ հայտնել, որ ապրանքի դիմաց վճարումը ստանալու համար անհրաժեշտ է լրացնել բանկային քարտի տվյալները: Քաղաքացու կողմից բանկային քատի տվյալները լրացնելուց հետո Ա.Զ.-ն եւ հանցավոր կազմակերպության մյուս անդամները համակարգչային ներգործությամբ հափշտակել են քարտին առկա 575 հազար դրամն ու փոխանցել առցանց դրամապանակի:

Հանցավոր կազմակերպության մասնակիցներն այս եղանակով 2022-2023 թվականների ընթացքում 67 քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 19 մլն 38 հազար 349 դրամ: Այնուհետեւ հափշտակված գումարի ծագումը թաքցնելու նպատակով դրանք փոխակերպել են կրիպտոարժույթի, փոխանցել փաստացի իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո տիրապետել, պահել, օգտագործել եւ տնօրինել են այդ գումարները:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Զ.-ի, Վ.Զ.-ի եւ Ի.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացումը) եւ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):

 




Լրահոս