44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակը տարածաշրջանում»,- կարծում է Կարնեգի եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս Դե Վաալը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա հայտնել է, որ Թուրքիան լիարժեք ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչը վճռորոշ նշանակություն է ունեցել հայերի նկատմամբ հաղթանակի համար։ Ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում։ ԵԱՀԿ ձեւաչափը փլուզվեց, եւ Արեւմուտքը հայտնվեց լուսանցքում։

«Այս համատեքստում հակամարտությունը միջամտեց մերձավորարեւելյան ավելի լայն դինամիկային: Իրանը սկսեց ավելի սերտորեն աջակցել Հայաստանին, քանի որ մտահոգված էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան լիովին իրենց վերահոսկողության տակ կվերցնեն իր հյուսիսային սահմանը: Իսրայելն այժմ աջակցում է Ադրբեջանին, հնարավոր է՝ իրանական գործոնի պատճառով։ Բացի այդ, Պակիստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, իսկ Հնդկաստանը՝ Հայաստանին»,- նշում է նա։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը միշտ կարողացել է մանեւրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ յուրաքանչյուրին ասելով, որ ինքը օգտակար գործընկեր է, ակնհայտորեն՝ տարբեր պատճառներով. «Ամենալկտին այն էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ակնհայտորեն մինչեւ գործի անցնելը վստահեցրել է արեւմտյան գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելին, որ ուժ չի կիրառի,  եւ, ամեն դեպքում, արեց դա։ Ակնհայտորեն, սա կողմնակի գործարք էր Մոսկվայի հետ։ Ռուս խաղաղապահները նահանջեցին, Մոսկվան չդատապարտեց հարձակումը, իսկ Ադրբեջանն արագ հաղթեց Լեռնային Ղարաբաղին։ Այնուհետեւ ռուսները միջամտեցին հրադադարի բանակցություններին, ինչը փաստացի նշանակում էր հայկական կողմի ամբողջական հանձնում այս տարածքում։ Ադրբեջանական կողմի համար դա ջախջախիչ հաղթանակ էր, բայց նրանք ստիպված կլինեն կրել Արեւմուտքից դեպի Ռուսաստան կտրուկ շրջվելու հետեւանքները։

Հաջորդ հարցը հենց Հայաստանն է։ Ռուսները գրեթե բացահայտորեն կոչ են անում հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա չափազանց արեւմտամետ դիրքորոշման համար։ Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Թուրքիան, ըստ երեւույթին, ունեն համատեղ ծրագիր՝ ստիպելու Հայաստանին ընդունել Հայաստանի տարածքով դեպի ադրբեջանական անկլավ՝ Նախիջեւան տանող ճանապարհային եւ երկաթուղային երթուղու իրենց պայմանները՝ հայկական նվազագույն վերահսկողությամբ եւ ռուս սահմանապահներով: Եթե Հայաստանը չհամաձայնի դրան, ապա ուժի կիրառման քողարկված սպառնալիքներ կլինեն։ Սա հակամարտությունների հաջորդ պոտենցիալ սահմանն է, որի հետ պետք է առնչվեն արեւմտյան կառավարությունները: Հանկարծ Արեւմուտքը դարձավ Հայաստանի վերջին պաշտպանը, իսկ Իրանը, ճակատագրի հեգնանքով, պահեստային խաղացողն է»։

Նրա խոսքով՝ Հայաստանը դեռ երկար ժամանակ շփոթության մեջ է լինելու. «Լեռնային Ղարաբաղի կորուստը հայերի համար ամենամեծ պարտությունն ու տրավման է՝ 1920 թվականին թուրքերի կողմից Կարսի գրավումից ի վեր։ Հավանաբար, սա շատ ավելին է: Ինչպես արդեն ասացի, կլինեն շատ մարդիկ, որոնք կփորձեն ազատվել Փաշինյանից։ Հուսով եմ, որ սա կլինի միասնության ժամանակ, այլ ոչ թե եղբայրասպան փոխադարձ մեղադրանքների»:

 

 

 

ԼԱՐՈՒՄ ՉԿԱ

Սահմանային իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս պահին ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է: ՊՆ-ն ուշիուշով հետեւում է իրավիճակի դինամիկայի փոփոխությանը: Որեւէ փոփոխության դեպքում անմիջապես կիրազեկենք հանրությանը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական զորքերի կուտակումները որ ուղղություններով են՝ փոխնախարարը շատ մանրամասներ չբացեց՝ խնդրելով բավարարվել վերջին շրջանում հրապարակված տվյալներով:

Նա, սակայն, նշեց. «Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով մենք սահմանային գոտում ենք հայտնվել: Եվ եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ պակաս, մի տեղ մի զինատեսակ ավելի, մի տեղ մի զինատեսակ պակաս: Բայց կարեւորն այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, եւ լարման միտում գոնե այս պահին չի նկատվում»:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մամուլ ասուլիսի ժամանակ հայտնել է. «Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը եւ, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի բացումը, հստակ  արդյունքի վրա հիմնված բանակցությունների շարունակությունը կայունության հաստատման միակ ճանապարհն է»։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրվել է զինադադարի պայմանագիր, Հայաստանը չի կատարել անհրաժեշտ պայմանները. «Մենք ուշադրությամբ հետեւում ենք կողմերի (Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների) հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում առաջիկա օրերին։

Ինչպես միշտ, մենք աջակցում ենք մեր եղբայրական Ադրբեջանին՝ առաջնորդվելով «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգով։

 

 

 

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԵ՞Ն

Երեկ խորհրդարանում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը մի քանի հարցերի է պատասխանել։ Նա լրագրողներին ասել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարության համար ցանկալի կլինի, որ Արցախից բռնի տեղահանված անձինք ծառայության ընդունվեն ՊՆ-ում:

«Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ Պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում, որովհետեւ իրենք մեր հայրենակիցներն են, եւ իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվել ՀՀ ԶՈՒ-ում ծառայության, Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ կանի, որ այդ հնարավորությունը ստանան:

 

 

ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձեւերով հարձակումների է ենթարկել. «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝  Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իր իսկ խոսքերով` Ադրբեջանի նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 եւ 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը:

Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել եւ սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության եւ գոյատեւման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում։

Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում»,- ընդգծել է Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար:

 




Լրահոս