Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը Եվրախորհրդարանi «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով հատուկ քննարկմանը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ չնայած Բաքվի վստահեցումներին, թե ինքը հավատարիմ է դիվանագիտական լուծմանը:
«Ուժի կիրառումը երբեք չի կարող արդարացվել»,- ասել է հանձնակատարը:
Կիրիակիդեսը պնդել է, որ Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայերը պետք է իրավունք ունենան անվտանգ վերադառնալ իրենց տները, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորի ԼՂ-ում մնացած հայերի անվտանգությունը:
«Հայերի մշակութային ժառանգությունը ևս պետք է պահպանվի Ադրբեջանի կողմից: ԵՄ-ն պնդում է, որ պետք է ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների կազմակերպությունների թափանցիկ հասանելիությունը: Մենք աջակցում ենք ԿԽՄԿ գործունեությանը և ակնկալում ենք ԵՄ առաքելության այցը Ղարաբաղ»,- նշել է պաշտոնյան:
Եվրահանձնակատար Կիրիակիդեսը շեշտել է երկխոսության վերադառնալու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ սահմանազատումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը և խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնան: Նա շեշտել է, որ դրան հասնելու համար կողմերից ակնկալվում է հանձնառություն և փոխզիջումների գնալու պատրաստակամություն: