ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը:
Մուրադ Մակեդոնի Հակոբյանը ծնվել է 1955 թ. Երևան քաղաքում։
1961-1971 թթ. սովորել է Հովսեփ Շամամյանի պարարվեստի դպրոցում։
1973-1975 թթ. որպես պարող ծառայել է Կարմիր դրոշի Բալթյան նավատորմի երգի-պարի անսամբլում։
1976 թ. հիմնել է պարարվեստի իր առաջին դպրոցը Մռավյանի անվան դպրոցում, այնուհետև 1978 թ. իր դպրոցը տեղափոխել է ԽՍՀՄ ԶՈՒ կայազորի Սպայի տուն։
1986 թ. Մշակույթի նախարարության որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է առաջին կարգի պարուսույցի որակավորում։
2005 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության արծաթե մեդալով, իսկ 2015 թ.՝ ոսկե մեդալով։
2008 թ. Մուրադ Հակոբյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
2009 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
2010 թ. անվանի պարուսույցը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, իսկ 2012 թ. «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2016 թ.՝ «Վալերի Բրյուսով» մեդալով։
Մուրադ Հակոբյանի ապրած ողջ կյանքը անմնացորդ նվիրում էր հայկական պարարվեստին՝ հայ պարի հերոսական և առնական ոգուն: Երկար տարիներ նա ղեկավարել է «Սարդարապատ» պարի պետական անսամբլը:
Իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում նա ոչ միայն ձևավորել և զարգացրել է իր ինքնատիպ, սեփական դիմագիծ ունեցող պարի դպորցը, այլև դաստիարակել է հայկական պարի նվիրյալների մի ամբողջ սերունդ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում Մուրադ Հակոբյանի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի սիրահարներին:
Մուրադ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-20.00՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից