ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը հանդես է եկել նոր հայտարարությամբ մասնավորապես նշելով, որ Հայաստանի կառավարության կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի ընդունումը այս երկիրը Ռուսաստանից հեռու պահելու ընդհանուր միտումի մի մասն է՝ համոզմունք հայտնելով, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։
«Հեռու մի քանի հովանավորների որոնումը և ինչ-որ մեկին հաճոյանալու ցանկությունը չեն ջնջի բարեկամության և փոխըմբռնման եզակի պատմական կապերը, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև», – նշել է ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը, որը հիմք է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու համար։
Հիշեցնենք, որ 2004 թվականին վավերացման գործընթացը կասեցվեց: Նույն թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը հակասում է Հայաստանի այն ժամանակ գործող Սահմանադրությանը։
2005-ին և 2015-ի դեկտեմբերին Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել, իսկ 2020-ի պատերազմից հետո օրակարգում ընդգրկվել է Հռոմի ստատուտի ընդունումը։
Կրեմլն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի «անօրինական հրահանգները»։
Հայ պաշտոնյաներն ասում են, որ վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, և որ Երևանը համապատասխան առաջարկներ է ուղարկել Մոսկվա ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Օֆելյա Հովհաննիսյան