Գնել Սանոսյանն անդրադարձել է Մեծամորի հայկական ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու մասին Թուրքիայի պահանջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Թուրքիայի կողմից ՄԱԳԱՏԷ-ին ուղղված՝ Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջին։

Նախարարն ասաց՝ ատոմակայանի գործընթացները պարզ ու հստակ են, կան չափորոշիչներ, կա կայան, կան կոմիտեներ, տարբեր խմբեր ու մասնագետներ, որոնք փաստում են, որ կայանը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին։

Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Մեծամորի ատոմակայան այցով եկել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, շրջայց է կատարել և բառացի հաստատել, որ ատոմակայանը անվտանգ է։

«Ատոմակայանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքը ապահովելու ուղղությամբ։ Այս պահին ատոմակայանն ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա:

Մտադրություն կա ատոմակայանը աշխատեցնել մինչև 2036 թվականը։ Վերջերս կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում՝ առաջիկա տարիներին կիրականացվեն աշխատանքներ, որոնք արդեն նախանշված են, թե ինչ հավելյալ աշխատանքներ են պետք, որպեսզի ատոմակայանի աշխատանքները երկարացվեն 2026-ից 2036 թվական»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը փաստեց, որ ատոմակայանում հսկայածավալ աշխատանք է կատարվել։

«Ատոմակայնում հին գրեթե ոչինչ չի մնացել։ Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից: Կարծում եմ ՄԱԳԱՏԷ-ն համապատասխան որոշումը կկայացնի»,- ասաց նա:




Լրահոս