
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մի խումբ ներկայացուցիչներ առաջիկայում կմեկնեն Երևան՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման հարցում Հայաստանի օգնության խնդրանքին: Այդ մասին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
«Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանը և տեղահանված աշակերտներին հոգեբանական և սոցիալական աջակցության ցուցաբերմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ավելի քան 100 հազար տեղահանվածների մոտ մեկ երրորդը երեխաներ կամ դեռահասներ են: Կազմակերպությունը նախատեսում է վերահսկել նրանց ուսուցման համար պատշաճ պայմանների ապահովումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախատեսում է նաև հանդիպում կազմակերպել կրթության ոլորտում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ՝ աջակցություն ստանալու նպատակով: