Ինչու՞ է թանկացել բենզինը. մանրամասնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Հայաստանում բենզինը և հեղուկ գազը շարունակում են ինտենսիվ կերպով թանկանալ, նախկին՝ 350 դրամով մեկ լիտր բենզին գտնելն այսօր արդեն երազանք է:

Մասնավորապես՝ «ռեգուլյար» տեսակի բենզիները դարձել է 550, «պրեմիումը»՝ 580 դրամ, «սուպերը»՝ 750 դրամ: Դե իսկ հեղուկ գազը նախկին 100 դրամի փոխարեն այսօր արժի 180 դրամ: Շարունակաբար թանկացումների այս ֆոնին արժեզրկվում է դրամն ու թանկանում ռուբլին, եվրոն ու դոլարը: Իսկ ինչպես պետք է վճարի միջին վիճակագրական քաղաքացին:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հասկանալու համար, թե ինչի՞ հետ է կապված այս աստիճան թանկացումները, սակայն մեր զանգերն ու հարցերը մնացին անպատասխան։

Այսօր արդեն ՄՊՀ-ն հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Նշենք, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին գինը կազմել է 0,41 ցենտ, իսկ սեպտեմբերին՝ 0,8 ցենտ։ Բացի այդ, 2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է միջինում 390 դրամ, իսկ հոկտեմբերին միջինում կազմել է 414 դրամ։

Վերոգրյալից ելնելով` կարող ենք փաստել, որ բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է և՛ ներմուծման գնի բարձրացմամբ, և՛ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։ Նշենք նաև, որ բենզինի գները վերոգրյալ գործոններով պայմանավորված մշտապես տատանվում են, և 2022 թվականին հունվար-օգոստոս ամիսներին ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 500-520 դրամի սահմաններում, իսկ պրեմիում տեսակինը՝ 520-540 դրամի սահմաններում։ Մինչդեռ, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին, պայմանավորված ներմուծման ցածր գնով և դրամի արժևորմամբ, ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 320-350 դրամի սահմաններում, իսկ պրեմիումինը՝ 350-370։

Այսպիսով, միջազգային շուկաներում բենզինի գների, այդ թվում՝ դոլարի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված բենզինի շուկայում մշտապես տեղի են ունենում տատանումներ, որի արդյունքում շուկայում որոշ ամիսներին կարող են լինել համեմատաբար ցածր գներ, իսկ որոշ ամիսներին՝ բարձր։

Նշենք նաև, որ Հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է բենզինի գնի վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը․ մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ»:

Հավելենք, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է: Տատանումը կազմում է մինչեւ 23 դրամ: Հետաքրքիր է արդյո՞ք բենզինի գինը նորից կիջնի այս ֆոնին:

Մարիամ Ղազարյան




Լրահոս