«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից և պետական անվտանգության ծառայությունից։
Նրանք բացատրել են, որ իրենք հետաքննում են հանցագործություններ, որոնց մեղավորը Բաքուն համարում է «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գործող անօրինական հայկական զինված խմբավորումները»:
Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
Նրա դեմ քրգործ է հարուցվել 2020թ. հոկտեմբերի 28-ին՝ ահաբեկչության, զինված խմբավորումներ հավաքելու և օժանդակելու, մարդկության դեմ հանցագործության և այլ մեղադրանքներով։ Նա մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի Գյանջա քաղաքի և Բարդայի շրջանի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծման համար։
Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։
Օֆելյա Հովհաննիսյան