Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ միջազգային պայմանագիրը ընդունվել է Հռոմում՝ 1988 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից:
Ձևավորման Պատմությունը
1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալը և Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ ցեղասպանության, ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող գործերի որոշման համար անհրաժեշտ է ստեղծել անկախ և մշտական դատարան։
1998 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնֆերանս հրավիրեց՝ «միջազգային քրեական դատարան ստեղծելու նպատակով կոնվենցիայի ավարտման և ընդունման համար»։ 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմի ստատուտն ընդունվեց քվեարկության միջոցով, որի ընթացքում 120 պետություն քվեարկեց «կողմ», 7-ը՝ «դեմ» (ԱՄՆ, Չինաստան, Իրաք, Յեմեն, Կատար, Լիբիա և Իսրայել) և 21 պետություն ձեռնպահ մնաց։
ՄՔԴ-ի Կանոնադրության ուժի մեջ մտնելու համար պայման էր հանդիսանում Կանոնադրության վավերացումը ոչ պակաս, քան 60 պետության կողմից։ Այդ «խոչընդոտը» հաղթահարվեց 2002 թվականի ապրիլի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2002 թվականի հուլիսի 1-ին։
Դատարանի իրավասություն
Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։
Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիա:
Դատարանի իրավասությունը ժամանակի մեջ
Հռոմի ստատուտի 11-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը իրավասություն ունի միայն այն հանցանքների նկատմամբ, որոնք կատարվել են ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո։ Եթե պետությունը դառնում է ստատուտի կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանը իր իրավասությունը կարող է տարածել այդ պետության համար ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցանքների նկատմամբ: Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։
Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին: Հայաստանի Սահմանադրական դատարանը համաձայնագիրը մասնակիորեն հակասահմանադրական էր ճանաչել։
2023 թվականի մարտի 28 -ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նաև նոր որոշման տեքստ՝ անդրադառնալով նաև 2004 թվականի որոշմանը։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը 60 կողմ և 22 դեմ ձայներով։
Պայմանագիրը ստորագրած տարածաշրջանի պետություններ
Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ 2019 թ. նոյեմբերի դրությամբ ստատուտի մասնակից են 123 պետություններ։
2023 թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վավերացնելու է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ամբողջությամբ:
Ռուսաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը, բայց չի վավերացրել այն։ 2016 թվականին, սակայն, երկիրը որոշել է չեղարկել իր ստորագրությունը, այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի՝ Ղրիմում իրականացրած գործողությունները որակել է «օկուպացիա»։
2023 թվականի մարտի 17-ին դատարանը կայացրեց Ռուսաստանի և դրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ևս մեկ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով։
Իրանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չի վավերացրել այս համաձայնագիրը:
Թուրքիան ու Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը:
Վրաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1998 թվականի հուլիսի 18-ին, իսկ վավերացրել է 2003 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Էդուարդ Շևարդնաձեի կառավարման օրերին։ Կանոնադրությունը սահմանում է դատարանի գործառույթները, իրավազորությունը և կառուցվածքը։
Օֆելյա Հովհաննիսյան