Հռոմի ստատուտի հարցով քվեարկությունից ուշացել եմ. Նարեկ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը:
Ընդգծենք, որ այն ընդունվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկության արդյունքում:

ՔՊ-ական պատգամավորները 60 կողմ ձայներով վավերացրրին Հռոմի ստատուտը: Ընդդիմադիր «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» ֆրակցիաները դեմ քվեարկեցին դրան՝ հայտարարելով, որ այն ոչ միայն հակասահմանադրական է և նորանոր աղետներ է բերելու Հայաստանի համար, ընդդիմադիրներ պատգամավորներից մի քանիսն էլ չէր մասնակցել քվեարկությանը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն իրենք կդիտարկեն որպես ծայրահեղ թշնամական վերաբերմունք:

Պարզվում է, որ ՔՊ-ում էլ կան պատգամավորներ, ովքեր դեմ են այս ոչինչ չտվող, հակառակը մի շարք վտանգներ պարունակով համաձայնագրի վավերացմանը:

ArmLur.am-ը գրել էր, որ իշխանական պատգամավորներից 4-ը՝ Շիրակ Թորոսյան, Դավիթ Դանիելյան, Սերգեյ Բագրատյան, Նարեկ Գրիգորյան, գրանցվել, սակայն չեն քվեարկել, իսկ ՔՊ-ական 7 պատգամավոր էլ՝ Համբարձումյան Կարեն, Պողոսյան Քրիստինե, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Մաթևոս Ասատրյան, Կնյազ Հասանով, Ղալումյան Վահե, առհասարակ չեն ներկայացել նիստին, թեպետ նրանցից և ոչ մեկը կարծես թե գործուղման մեջ չեն գտնվում:

ArmLur.am-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ՝ պարզելո՞ւ, թե որն էր նրա՝ քվերակությունից բացակայելու պատճառը:

-Պարո՛ն Գրիգորյան, նախապես իշխանական պատգամավորներին ասվել էր, որ մեկ մարդու նման գան և մասնակցեն Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթին: Ո՞րն էր պատճառը, որ դուք ուշացած մտաք նիստերի դահլիճ ու չմասնակցեցիք քվեարկությանը, արդյո՞ք դեմ եք դրա վավերացմանը,թե՞ այլ պատճառ կա:

-Չեմ հասցրել պարզապես, դրա համար էլ չեմ մասնակցել քվեարկությանը: Դրանից հետո հազիվ եմ հասել ԱԺ, մի քանի քվեարկություն բաց էի թողել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արած յուրաքանչյուր հայտարարության, ներառյալ՝ Հռոմի ստատուտը, ես կողմ են:
Նույնը՝ ՀՀ վարչապետի ասած յուրաքանչյուր բառի եվ նախադասության բովանդակության տակ ես ստորագրում եմ:

-Այսինքն՝ եթե գայիք, ամեն դեպքում ՝ կո՞ղմ էիք քվեարկելու նախագծին:

-Այո, միանշանակ

-Պարո՛ն Գրիգորյան, բայց համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ երբ դուք ուշացած ներս եք մտնում, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կշտամբանքով է նայում ձեզ, հավանաբար՝ Հռոմի ստատուտի վավերացմանը չմասնակցելու համար:

-Ես չգիտեմ՝ կադրերում ինչ է երևում, այդ մասով ոչ մի հարց չի քննարկվել, ես ընդամենը ուշացել էի, ինձ ոչ մեկ կշտամբանքով չի նայել:

-Այսինքն, ձեզ նկատողություն չե՞ն արել պայմանավորվածությունը խախտելու ու քվեարկությանը չներկայանալու համար:

-Դե իրենք տեսան, որ ես ընդամենը ուշացել եմ, այսինքն՝ չհասցրեցի գալ, երբ մտա, արդեն մեկ-երկու քվեարկություն անցել էր:

-Պարո՛ն Գրիգորյան, ռուսական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կդիտարկեն որպես ծայրահեղ թշնամական վերաբերմունք իրենց նկատմամբ: Չե՞ք կարծում, որ սա միայն բացասական հետևանքներ է ունենալու մեզ համար, իսկ դրա արդյունքները քաղաքացիներն են կրելու:

-Չեմ կարծում, այնտեղ ընդդեմ Ռուսաստանի ոչինչ չկա, մենք Հռոմի ստատուտն ընդունել ենք, որպեսզի միջազգային հանցագործները պատժվեն, այո՝ միջազգային հանցագործները պետք է պատժվեն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս