ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի քանի հայտարարություններ է արել Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ։
《ԽՍՀՄ փլուզումից հետո հակամարտություն եղավ, էթնիկ բախումներ եղան, ինչը բերեց նրան, որ փաստացի Հայաստանը, ոչ թե ԼՂ-ն, իր վերահսկողության տակ վերցրեց ԼՂ-ն և 7 շրջանները. Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։
Վերջին 15 տարում մեր հայ գործընկերներին առաջարկում էինք գնալ փոխզիջման։ Վերադարձնել 5 շրջան, պահել 2-ը և կապը ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև։ Բայց մեր ղարաբաղյան ընկերները ասում էին, որ դա անվտանգության ռիսկեր կստեղծի։ Բայց ասում էինք, չէ որ Արդբեջանը զարգանում է, քանի հնարավորություն կա, փոխզիջում գտնենք》,-նշել է նա։
Նա հավելել է, թե 2020թ. ռազմական գործողությունների օրերին կրկին առաջարկ է արել գործընկերներին։ 《Երևի նախագահ Ալիևը չի նեղանա ինձանից, բայց մի ինչ-որ պահի համաձայնություն կայացավ, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կկանգնի։ Մտածեցի, թե հարցը լուծված է։ Զանգահարեցի Երևան, լսեցի` ոչ, թող նաև դուրս գան ԼՂ-ի հատվածից։ Ասացի, բայց ինչ պիտի անեք, պատասխանեցին, որ կպայքարեն》,-հավելեց նա։
Խոսելով Արցախի նախկին ղեկավարության՝ Բաքվում գտնվելու մասին, նա նշել է. 《 Ինչ մնում է նախկին ղեկավարներին, ինչպես հասկանում են նրանց նույնիսկ Երևանում չեն ցանկանում տեսնել։ Ես հույս ունեմ, որ այս վիճակում, երբ տարածքային, իրավական հարցերը լուծվել են, Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը և կառաջնորդվի հումանիզմով》։